շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շուշիի մի շարք համայնքների հետ կապն ընդհատված է. այնտեղ կան խրոնիկ հիվանդներ. Ստեփանակերտի շտապօգնության կայանի տնօրեն

Շուշիի մի շարք համայնքների հետ կապն ընդհատված է. այնտեղ կան խրոնիկ հիվանդներ. Ստեփանակերտի շտապօգնության կայանի տնօրեն

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու փակման արդյունքում արդեն երկրորդ օրն է՝ կասեցվել է Ստեփանակերտ-Երեւան եւ հակառակ ուղղությամբ գործող երթուղիների  աշխատանքը:

Երեկ Ստեփանակերտից Երեւան մեկնել են «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 2 մեքենաներ, իսկ 3-րդ 4-րդ մեքենաներն արդեն մնացել են Արցախում: Բոլոր քաղաքացիները ներկայացել են ավտոկայանի, վերադարձրել են տոմսերը: Իսկ Երեւանից Ստեփանակերտ եկող 4 մեքենաները մնացել են Գորիսում»,- նշել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի  ավագ ենթակարգավար Իգոր Պետրոսյանը:

Արցախի հանրապետական ԲԿ-ի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանն իր հերթին նշել է, որ Արցախից Հայաստան մեկնող քաղաքացիներից շատերը առողջապահական խնդիրներով են գնում. «Արցախի հանրապետական ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում 123 բուժառու: Վերակենդանացման բաժանմունքում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողն երկու պացիենտ, որոնք կարիք ունեն տեղափոխվելու Երեւան: Նրանցից մեկին միացված է արհեստական շնչառության սարք: Մյուսը հեմոդիալիզի վրա գտնվողն հիվանդ է: Եւս երկու բուժառու պետք է տեղափոխվի Երեւան հատուկ հետազոտման նպատակով:

Մենք ունենք որոշակի դեղորայք, կարող ենք մի քանի օր ապահովել, որ մեր բնակչությունը հանգիստ լինի, բայց դա լուրջ խնդիրներ կառաջացնի, եթե այս վիճակը տեւի եւս մի քանի օր»,-ասաց նա:

Բացի այդ, Ստեփանակերտի շտապօգնության կայանի կապը Շուշիի մի շարք համայնքների հետ ընդհատված է, որտեղ եւս անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցող մարդիկ կան: Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի տնօրեն Լիլիթ Նազարյանը նշեց, որ եթե այդ բնակավայրերում շտապ բուժօգնության կարիք լինի, չգիտեն, թե ոնց են սպասարկելու. «Մանավանդ մենք այնտեղ ունենք խրոնիկ հիվանդներ, շաքարային դիաբետով, սիրտանոթային հիվանդություններով, որոնք մեր կարիքն ունեն»,-ասաց նա:

  • Կիսվել: