ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք․ ողբերգությունները մոռացության մատնելը նշանակում է համակերպվել դրանց հետ և արդարացնել դրանք. Դավիթ Բաբայան

Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք․ ողբերգությունները մոռացության մատնելը նշանակում է համակերպվել դրանց հետ և արդարացնել դրանք. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը անդրադարձել է  1920 թվականի մարտի 22-ին Շուշիի ջարդերին։ Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

1920 թվականի մարտի 22-ին Թուրքիայի, Ադրբեջանի և տարածաշրջանից նրանց բանակում ընդգրկված հրոսակների ու մարդասպանների կողմից իրականացվեց Շուշիի ցեղասպանությունը, որի հետևանքով Արցախի մայրաքաղաք Շուշին, որը նաև հայկական կարևոր քաղաքական ու մշակութային կենտրոններից էր, ավերվեց։

Ցեղասպանվեցին և տարագիր դարձան տասնյակ հազարավոր հայեր։ Արմատապես փոխվեց Արցախի պատմության ուղին։

Նույնը տեղի ունեցավ հարյուր տարի անց, երբ Արցախը ենթարկվեց 1920 թվականի ջարդարարների սերունդների լայնածավալ հարձակմանը։

Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք․ ողբերգությունները մոռացության մատնելը նշանակում է համակերպվել դրանց հետ և արդարացնել դրանք, ինչի հետևանքը մեկն է՝ ժողովրդի և պետության անհետացում։

Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները այս օրերին հիշում են մեր նահատակներին և աղոթում նրանց անմահ հոգիների համար։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»,- գրել է նա:

  • Կիսվել: