ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շուշիի հռչակագիրը պարփակում է Անկարայի նախապայմանային քաղաքականության հիմնադրույթները. Շահան Գանտահարյան

Շուշիի հռչակագիրը պարփակում է Անկարայի նախապայմանային քաղաքականության հիմնադրույթները. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հռչակագրին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը կարծիք հայտնեց, որ Շուշիում հայտարարված Անկարա-Բաքու միացյալ հռչակագրի 6 կետերը ուղղակիորեն վերաբերում են հայկական կողմին. երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանում, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության խնդիրներ, թուրք-ռուսական համատեղ կենտրոնի հետ կապված հարցեր, Թուրքիայի ուղղությամբ Հայաստանի պահանջներ, միացյալ ռազմաքաղաքական գործողություններ եւ երրորդ պետություններ։

«Բոլոր դեպքերում երրորդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է առաջին հերթին։ Առաջին կետը՝ «Բաքուն և Անկարան միմյանց կօգնեն անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»։ Այստեղ նշված սպառնալիքը զուտ զինվորական բնույթ չունի։ Երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կամ սահմանների անփոփոխելիության սկզբունքը կապված է ոչ միայն արցախյան հակամարտության, այլ նաեւ Թուրքայի հետ։ Ըստ էության, թուրքական նախապայմանին։ Իսկ 5րդ կետը՝ «Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները և պատմությունը խեղաթյուրելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը», պարզապես Ցեղասպանության ճանաչման պահանջի եւ դրա հետ կապված որեւե հատուցում բացառելու պայմանն է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հռչակագիրն ամփոփել է Անկարայի նախապայմանային քաղաքականության հիմնադրույթները։ «Հռչակագրում բանաձեւված 7-րդ կետը՝ «Կողմերը կընդլայնեն համատեղ ջանքերն ու համագործակցությունը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի մաքսանենգության, անօրինական միգրացիայի դեմ պայքարում», թուրքական հայեցակետով հայկական կողմին հետ որոշակի առնչվածությունից բացի գլոբալ տարածաշրջանային խնդիրներ է արծարծում եւ թողնում է այն տպավորությունը, որ Բաքուն եւ Անկարան, որոնք երկուսն էլ նշված մեղադրանքներն են կրում միջազգային տարբեր կառույցներից, հանդես են գալիս իբրեւ առաջատար պետություններ այդ հանցագործության դեմ համակարգված պայքարում։ Թեմաներն ու հռչակագրային կետերը, սակայն, շահարկվում են Անկարայի հարավային Կոկվկաս տեղավորման եւ ավելի մնայուն հաստատման գործընթացին։ Այստեղ Բաքուն պարզապես միջոց է Անկարայի համար, իսկ հռչակագիրը այդ միջոցի օգտագործման եւ օրինականացման առիթ։ Իհարկե, վայրի ընտրությունը պատահական չէ. դա եւս նպաստում է Անկարայի տարածաշրջան տեղակայմանը»,- եզրափակեց նա։

 

  • Կիսվել: