«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը շարունակում է ակտիվ գործունեություն իրականացնել. աշխատանքների մասին պատմում է տնօրենը
Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցավ հայոց բերդաքաղաք Շուշին, որն Արցախում թանգարանների քաղաք էր համարվում։
«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը, սակայն, այդ ամենից հետո անգամ շարունակեց իրականացնել իր գործունեությունը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ, չնայած այն հանգամանքին, որ չունեն մշտական ցուցադրության և թանգարանային գործունեության լիարժեք պայմաններ, «Շուշի քաղաքի թանգարաններ»-ի աշխատակազմը շարունակում է տարաբնույթ ծրագրեր իրականացնել Ստեփանակերտում և գյուղական համայնքներում:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, երեխաների հետ է և յուրաքանչյուր իրավիճակում փորձում է գտնել ստեղծված խնդիրների հաղթահարման ճանապարհներ: Կարևորելով պատերազմից տուժած երեխաների հոգեկան առողջությունը` տեղահանված երեխաների հետ արտթերապևտիկ աշխատանքներ է տարել, որոնց մասնակցել են երեխաներ բռնազավթված համայնքներից։
«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի «Կերպարվեստի պետական թանգարան» ստորաբաժանումը 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է կրրթական ծրագրեր Ստեփանակերտում և Արցախի տարբեր համայնքների դպրոցներում (Խանցք, Հացի, Խրամորթ, Ծովատեղ,Մաճկալաշեն,Աստղաշեն,Սարուշեն,Մարտակերտ,Մաղավուզ), որոնց մասնակցել են 1500-ից ավելի դպրոցականներ: Օգոստոսի 28֊ին կազմակերպվել է թանգարանի հավաքածուի պահպանված գեղանկարների ցուցադրություն Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում։
Սեպտեմբերի 19֊ին Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կազմակերպել է միջազգային ֆոտոցուցահանդես` «Իմ հայրենիք» խորագրով։ Սեպտեմբերի 25-ին թանգարանը «Մանրանկարչությունը` որպես արվեստի բացառիկ համընդգրկուն արժեք» ծրագրով մասնակցել է «Եվրոպական ժառանգության օրեր» նախագծին: Հոկտեմբերին թանգարանը իրականացրել է կերպարվեստի վարպետության դասեր Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հիմնական դպրոցի աշակերտների համար:
Նոյեմբերին թանգարանը մասնակցել է «Այվազովսկին Ստեփանակերտում» ծրագրի` շրջանակներում իրականացվող միջոցառումներին, կազմակերպել է «Գեղանկարչության ծովակալը» խորագրով գեղանկարի վարպետության դասեր։ Անցած տարում «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի պատվիրակությունը. այցի շրջանակներում կազմակերպվել է Կերպարվեստի թանգարանի հավաքածուի պահպանված գեղանկարների ցուցադրություն և ձեռարվեստի վարպետության դաս՝ դպրոցականների մասնակցությամբ:
«Դեկտեմբերի 5-ին ԱՀ ԱԺ-ում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի և ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովների համատեղ նիստում հանդես եմ եկել թանգարանի կողմից իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին զեկույցով:
Դեկտեմբերի 8-ին կազմակերպվել է գեղանկարիչ Սևադա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը: Դեկտեմբերին թանգարանի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում անցկացվել են ամանորյա խորհրդանշական բացիկների, կերպարվեստի նվերների պատրաստման վարպետության դասեր, իսկ Ամանորին ընդառաջ «ԱՀ նկարիչների միավորում» ՀԿ-ի հետ կազմակերպել ենք արցախցի ժամանակակից գեղանկարիչներիչ ցուցահանդես»,-պատմել է տնօրենը։
Խոսելով առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը հավաստիացրել է՝ կշարունակեն իրականացնել ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, կկազմակերպեն նկարիչների, գեղանկարիչների աշխատանքների ցուցադրություն՝ այդպիսով պահպանելով արցախյան մշակույթը։