շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շրջափակումը շարունակում է անդառնալի հետևանքներ ունենալ մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի վրա. Գեղամ Ստեփանյան

Շրջափակումը շարունակում է անդառնալի հետևանքներ ունենալ մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի վրա. Գեղամ Ստեփանյան

Շրջափակումն անդառնալի հետևանքներ է ունեցել և շարունակում է ունենալ մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի վրա, որոնք դրսևորվել են բուժհաստատություններում պլանավորված վիրահատությունների դադարեցմամբ, անհրաժեշտ դեղորայքի բացակայությամբ, կամ այն հանգամանքով, որ մարդիկ որոնք որպես կանոն իրենց բուժօգնությունը ստանում են ՀՀ տարբեր բժշկական հաստատություններում, սակայն այսօր զրկված են այդ հնարավորությունից:

Այս մասին մարտի 23-ին կայացած տեսակամրջի ընթացքում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումներին:

«Շրջափակման հետևանքով միայն ծայրահեղ ծանր դեպքերի ժամանակ է, որ ամեն անգամ Կարմիր խաչի հետ բանակցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում նրանց տեղափոխել ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: Հատկապես այս ընթացքում պետք է անդրադառնանք նաև հիվանդանոցներում բուժօգնության կազմակերպմանը, որը գազամատակարարման, էլեկտամատակարարման խաթարումների հետևանքով շատ հաճախ կաթվածահար է լինում»,-հավելել է Գ. Ստեփանյանը:

Անդրադառնալով սննդի իրավունքին է, նա համառոտ ներկայացրել է, որ Արցախի Հանրապետության բնակչությունը շարունակում է Կառավարության կողմից ներդրված կանոնակարգումների համաձայն՝ սահմանափակ ծավալով որոշ սննդատեսակներ ստանալ, սակայն ըստ Մարդու իրավունքների պաշտպանի մոնիթորինգի արդյունքների, այս բնագավառում ևս մարդկանց բնականոն կենսագործունեությունը խաթարված է. նրանք ստիպված են շատ հաճախ կանգնել հերթերում, որոշակի սննդամթերք ձեռք բերելու համար: Շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից պարբերաբար խաթարվել է գազամատակարարումը:

« 36 օր շարունակ Արցախն ամբողջությամբ կամ մասնակի զրկված է եղել գազամատակարարումից: Հունվարի 9-ից չի գործում և չի վերականգնվել միակ բարձրավոլտ գծով Հայաստանից դեպի Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը ևս իր անդառնալի հետևանքներն է ունենում մարդկանց բավարար կենսամակարդակի իրավունքի իրացման տեսանկյունից՝ լրջագույն տառապանքներ հասցնելով խաղաղ բնակչությանը»,- ներկայացրել է Պաշտպանը:

Նրա խոսքով՝ շրջափակման 100 օրերի ընթացքում մասնավոր հատվածի աշխատողների 50 տոկոսը՝ շուրջ 9800 մարդ, կորցրել է իր աշխատանքը, իսկ 782 տնտեսվարող սուբյեկտ՝ շուրջ 20 տոկոսը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպանը իր հրապարակած զեկույցում նաև անդրադարձ է կատարել երեխաների կրթության իրավունքի խախտմանը: Ջեռուցման հետ կապված խնդիրները տևական ժամանակ հանգեցրել են Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտումների: Զեկույցում հստակ ներկայացված է, թե որ ժամանակահատվածներում կրթական ինչ հաստատություններն են դադարեցրել իրենց կենսագործունեությունը:

«Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս իրավիճակը բավականին բացասաբար է ազդում նաև երեխաների ուշադրության և ընկալունակության վրա՝ երկարաժամկետ կտրվածքով խաթարելով երեխաների զարգացման իրավունքի պատշաճ իրացումը: Ստեղծված հումանիտար ճգնաժամն առաջին հերթին հենց ամենալուրջ խնդիրները ստեղծում է խոցելի խմբերի համար՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, կանանց, աղջիկների և տեղահանված մեր ազգաբնակչության համար»,-եզրափակել է Գեղամ Ստեփանյանը:

  • Կիսվել: