երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շրջափակման առավելագույն պլանն էթնիկ զտումն է, միջինը՝ ՀՀ-ի տարածքով արտատարածքային ճանապարհ ստանալը, նվազագույնը՝ Արցախի տնտեսության փլուզումը․ Արտակ Բեգլարյան․ «Հրապարակ»

Շրջափակման առավելագույն պլանն էթնիկ զտումն է, միջինը՝ ՀՀ-ի տարածքով արտատարածքային ճանապարհ ստանալը, նվազագույնը՝ Արցախի տնտեսության փլուզումը․ Արտակ Բեգլարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց  է հրապարակել Արցախի նախկին ՄԻՊ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ:

 

- 70 օրից ավելի է՝ Արցախն արգելափակված է։ Ոմանց կարծիքով, սա փորձություն է, որը հաղթահարելով, աշխարհին կապացուցեք ձեր անկախ ապրելու վճռականությունը։ Կա նաեւ կարծիք, որ Արցախն արյունաքամ կլինի ու ճանապարհը բացվելու դեպքում կարող է հայաթափվել։ Ի՞նչ կարծիքի եք։

 

- Կյանքում ամեն պայքար ունենում է նպատակ, միջոցներ, արժեքներ ու գին: Շրջափակումը մեր ընդհանուր պայքարի մի փոքր փուլն է, եւ անհրաժեշտ է դրան վերաբերվել ռազմավարական դիտանկյունից եւ ընդհանուր համատեքստում: Մենք պետք է դիմակայենք շրջափակման փորձությանը՝ չխախտելով որեւէ կարմիր գիծ եւ զիջման չգնալով մեր կենսական շահերի հաշվին: Գլխավոր հարցը շրջափակման հետեւանքների ու պայքարի արդյունքների հստակ գնահատումը եւ դրանց համեմատության հիման վրա որոշումների կայացումն է, որը կառավարման տեսանկյունից բավականին դժվար հարց է՝ հաշվի առնելով մի շարք էական գործոնների առնչվող առկա անորոշությունները: Ամեն դեպքում, ես՝ ինքս, էությամբ ու գաղափարապես պայքարի ու փորձությունների կողմնակից մարդ եմ, քանի որ ցանկացած պայքար ու փորձություն, բացի բուն արդյունքներից, մշտապես ապահովում է նաեւ կոփման ու կատարելագործման մեծ հնարավորություններ, այլ հարց, թե ով ինչպես է օգտագործում այդ հնարավորությունները:
Հարցին ամբողջությամբ պատասխանելու համար ասեմ, որ նշված 2 տարբերակներից ոչ մեկն էլ լրիվ իրատեսական չէ՝ ո՛չ անկախության միջազգային ճանաչման կհասնենք, ո՛չ էլ Արցախն արյունաքամ կլինի, ճշմարտությունը մեջտեղում է՝ որոշակի դրական արդյունքներով ու բացասական հետեւանքներով, այդ թվում՝ ոչ մեծաքանակ արտագաղթը:

 

- Դուք նստացույց էիք նախաձեռնել բլոկադայի սկզբում։ Ինչ-որ պահից դադարեցրիք՝ պայքարի ձե՞ւը փոխվեց, տեսաք, որ անիմա՞ստ է, թե՞ հրաժարվեցիք պայքարից։ 

- Մեր նստացույցի գլխավոր նպատակը ներքին ու արտաքին լրացուցիչ ուշադրություն հրավիրելն էր՝ նաեւ խթանելու ակտիվ գործողություններ, քննարկումներ լուծումների վերաբերյալ: Կարծում եմ՝ մեկշաբաթյա նստացույցի արդյունքում մեզ հաջողվել է հասնել նվազագույն նպատակներին եւ որոշակի դրական ազդեցություն ունենալ նշածս ուղղություններով: Դադարեցրինք, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ քննարկումը կայացավ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, դեսպանատներն ու միջազգային կառույցները փակվում էին՝ ամանորյա արձակուրդներով պայմանավորված, ինչպես նաեւ խնդիր կար իմ աշխատանքային բուն պարտականությունների արդյունավետ կատարման հետ կապված, որոնք ներառում էին գլխավորապես արտաքին քաղաքական ու տեղեկատվական ուղղությունները: Այս ընթացքում հիմնականում ոչ հրապարակային կերպով ընդգրկված եմ եղել այդ ուղղություններով աշխատանքներում՝ իմ փոքրիկ ներդրումը բերելով ընդհանուր պայքարին:
Շրջափակմանը միջազգային արձագանքը գնահատում եմ գործնական առումով անբավարար, խոսքի մակարդակում՝ բավարար, բայց ոչ լավ: Անբավարար լինելը պայմանավորված է 2 հիմնական հանգամանքով՝ միջազգային հանրության գլխավոր դերակատարների շահերի թույլ համընկնությունը մեր շահերին եւ հումանիտար զրկանքների ոչ աղետալի վիճակը: Ուստի, անհրաժեշտ է քրտնաջանորեն աշխատել տարբեր ազդեցիկ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ՝ նաեւ կանխելու հնարավոր հումանիտար աղետը:

- Արցախում լարված իրավիճակ է, ինչը նաեւ նյարդային լարում է առաջացնում եւ մեղավորների փնտրտուք։ Դուք պետնախարարի խորհրդականն եք, ի՞նչ է կատարվում Արցախի իշխանությունների հետ։

- Ես այս ընթացքում ինձ հեռու եմ պահել ներիշխանական լարվածություններից ու տարաձայնություններից՝ 2 կարեւոր պատճառով: Նախ, որովհետեւ կարծում եմ, որ անթույլատրելի են ներքին պառակտումն ու լարվածությունը՝ հատկապես արտաքին սպառնալիքներով պայմանավորված ճգնաժամային միջավայրում, դրա փոխարեն պետք է միահամուռ ջանքերով կենտրոնանալ արտաքին մարտահրավերները հաղթահարելու վրա: Ես դրա մասին կարծիքս ասել եմ ե՛ւ Ռուբեն Վարդանյանին, ե՛ւ նախագահ Հարությունյանին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած կերպ աջակցել ներքին համերաշխության ու միասնականության ապահովմանը: Երկրորդ․ քանի որ ես տեղում չեմ, չեմ կարող բավարար տեղեկություններ ունենալ իրավիճակի մասին, ուստի բարոյական իրավունք էլ չունեմ ներգրավվածություն ունենալ ներքին գործընթացներում: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ որքան էլ Արցախում ներքին տարաձայնություններ ու հակասություններ կան, այդ թվում՝ շրջափակման հետ կապ չունեցող պատճառներով, անհամեմատ ավելի միասնական ու հարգալից քաղաքական մշակույթ է տիրում, քան Հայաստանի Հանրապետությունում, ապացույցը՝ Արայիկ Հարությունյանի եւ Ռուբեն Վարդանյանի խոսքն ու վարքը փետրվարի 23-ին: Ռուբեն Վարդանյանի ազատման պատճառներին անդրադարձել է նախագահ Հարությունյանը, ես ճիշտ չեմ գտնում իմ կողմից հրապարակային վերլուծություն կատարել դրա վերաբերյալ: Ուրախ եմ, որ պարոն Վարդանյանը որոշել է մնալ Արցախում եւ շարունակել իր կարեւոր գործունեությունն Արցախի համար. նա, հաստատ, շատ բան ունի Արցախին տալու: Ի դեպ, առիթն օգտագործելով՝ կուզեի արձանագրել ցավով, որ շատ հաճախ Արցախի ներքին պառակտվածությունը, լարվածությունը խթանվում են Հայաստանի տեղեկատվական ու քաղաքական որոշ շրջանակներից, այնինչ այդ կամա եւ ակամա պառակտիչները պետք է գիտակցեն, որ Արցախը մեծապես տարբերվում է Հայաստանից՝ մարտահրավերների, խոցելիության եւ այլ կարեւոր տեսանկյուններից, ուստի Արցախի համար իրապես ցավող յուրաքանչյուր գործիչ ոչ թե 7, այլ 17 անգամ պետք է չափի, նախքան ներքին լարվածություն խթանող գործողություն կամ հայտարարություն կատարելը:

- Կարծիք կա, որ Ադրբեջանը փակուղի է մտել՝ չգիտի անելիքը, սակայն թիրախը ոչ այնքան Արցախն է, որքան՝ Հայաստանը։ 

- Ադրբեջանական հանցագործությունների գլխավոր թիրախը հայ ժողովուրդն է՝ հայկական միասնական հայրենիքով, ինքնությամբ եւ ազգային շահերով հանդերձ: Այս շրջափակման առավելագույն պլանն Արցախում էթնիկ զտման իրականացումն է՝ կյանքի համար անտանելի ու խիստ անորոշ պայմաններ ստեղծելու հետեւանքով մեծ արտագաղթ խթանելով: Միջին պլանը Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ (իրենց տերմինով՝ «միջանցք») ստանալն է, Հայաստան-Արցախ միակ ճանապարհի վրա մշտական վերահսկողություն ապահովելը, նվազագույն պլանը՝ Արցախի տնտեսության փլուզումը եւ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելը: Այս նպատակները փոխկապակցված են: Իսկ մեր անելիքը պետք է լինի հատկապես միջազգային ճնշման միջոցով նրանց համար շրջափակման գնի կտրուկ բարձրացումը եւ փակուղուց դուրս գալու հնարավորության ընձեռումը, իհարկե, եթե իրոք ցանկանում են դուրս գալ այս իրավիճակից:

- Կա՞ որեւէ տարբերակ՝ Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ո՞րն է Արցախի կարմիր գիծը, ո՞ր դիրքորոշումն ինչքան համախոհ ունի Արցախում։

- Նախագահ Հարությունյանը փետրվարի 23-ի ուղերձում հանգամանալից անդրադարձել է մեր կարմիր գծերին, որոնք առնչվում են մեր ինքնիշխանությանը, Հայաստանի հետ անխափան ցամաքային հաղորդակցությանը եւ այլ կետերի: Այս ռազմավարական հարցերում Արցախում առկա է աներեր վճռականություն ու միասնականություն: Մնացածը մարտավարական հարցեր են, որոնց շուրջ կարող են լինել սկզբունքային բանավեճեր, եւ ես էլ ունեմ տարակարծություններ՝ տարբեր մոտեցումների հետ կապված, բայց պետք չէ դրանք ներկայացնել արմագեդոնյան լույսի ներքո՝ մանիպուլացնելով այդ թեման եւ լրացուցիչ լարվածություն հարուցելով մեր ժողովրդի մեջ:
Հաշվի առնելով տարբեր արտաքին ու ներքին զարգացումներ՝ տպավորություն ունեմ, որ հնարավորություն կա Ադրբեջանի հետ համաձայնության գալու եւ առկա խնդիրները լուծելու: Եթե շրջափակումը վերացվի, ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես պետք է երաշխավորվի նման հանցագործությունների չկրկնությունը, որը հաստատ անհնար է առանց պատշաճ միջազգային ներգրավվածության: Այս տեսանկյունից 2 առանցքային փաստաթուղթ կա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը, փաստորեն, բավարար չէր, այժմ ավելացել է նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ամեն դեպքում, ինչ բովանդակության ու ձեւաչափի փաստաթղթեր էլ լինեն, ամենակարեւորը գերտերությունների քաղաքական կամքի առկայությունն է, որը պետք է ապահովել շահերի համընկնության հիման վրա:

- Երբեմն ինչ-որ հրապարակումներում Ձեզ կապում են սորոսական շրջանակների ու ՀՀ իշխանությունների հետ: Ի՞նչ հիմքեր կան նման ենթադրությունների համար:

- Ինձ որեւէ արտաքին ուժի հետ կապելը եւ նման պիտակներ կպցնելը կեղտոտ զրպարտություն ու ստորություն են: Դա նույնն է, որ ինձ մեղադրեն, թե ինչու եմ աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստանալուց հետո վերադարձել ու նվիրվել իմ հայրենիքի զարգացման ու զորացման սուրբ գործին, պետական ծառայությամբ շարունակել իմ հայրիկի, հազարավոր այլ զոհվածների ու մեր սուրբ նախնիների պայքարը:
Նման պիտակավորումները պարզապես անհիմն ու անբարոյական են: Ոմանք դրանք փորձում են հիմնավորել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում ստացած կրթությամբ, այնինչ ես Լոնդոնի համալսարանական քոլեջում սովորել եմ ՀՀ կառավարության «Լույս» հիմնադրամի ու ԱՀ կառավարության, իսկ ԱՄՆ Ֆլեթչերի դիվանագիտության ու իրավունքի դպրոցում՝ հայկական «Թավիթյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երկու ծրագրերով էլ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն է ստացել շուրջ հազար հայ, որոնց մի մասը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների օրոք: Իսկ Արցախից շատ քիչ մարդ է այդ ծրագրերով որակյալ կրթություն ստացել: Էլ չասեմ, որ ես բացառիկներից եմ, որ անմիջապես վերադարձել եմ հայրենիք ու անմնացորդ լծվել պետական ծառայության: Վա՞տ բան եմ արել, որ որակյալ կրթություն եմ ստացել, որն առայսօր օգտագործում եմ իմ հայրենիքի ու ազգի օգտին՝ պահպանելով իմ ազգային գաղափարախոսությունն ու արժեհամակարգը: Մի կողմից ցանկանում ենք լավ մասնագետներ ունենալ, մյուս կողմից վիրավորում ենք լավ մասնագետներին, խնդրահարույց չէ՞: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններին, ապա ես որեւէ խնդիր չեմ տեսնում աշխատանքային հարաբերություններ պահպանելու մեջ. կա՞ որեւէ պաշտոնյա Արցախում, որ ՀՀ իր գործընկերների հետ շփումներ չունի: Ի տարբերություն նման բամբասանքներ տարածողների՝ ես ազնիվ ու սկզբունքային եմ իմ հարաբերություններում բոլորի, ներառյալ՝ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ: Ի դեպ, իմ այդ սկզբունքայնության դրսեւորումներից մեկն էլ 2019-ին հայտնի ընդդիմադիր գործիչ եւ իմ ընկեր Արսեն Բաբայանի համար երաշխավորություն տալն էր՝ նրան կալանքից ազատելու համար, որն ընկալվեց որպես ՀՀ իշխանությունների դեմ քայլ: Ուստի, ես ո՛չ իշխանության մարդն եմ, ո՛չ էլ ընդդիմության, ես պարզապես իմ ժողովրդի ու հայրենիքի մարդն եմ եւ առաջնորդվում եմ բացառապես իմ խղճով, սկզբունքներով, արժեքներով ու ԱՀ օրենսդրությամբ, իսկ իմ սկզբունքների ու արժեքների վրա կասկածողը թող ավելի սկզբունքային ու արժեքահեն կյանք վարի, հետո փորձի հանիրավի կերպով բարի համբավս սեւացնել խավարամիտ բամբասանքներով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: