շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շատ անհաջող միջադեպ էր. ԵՄ դեսպանը՝ ադրբեջանցիների կողմից ավտոբուսը կանգնեցնելու մասին․ «Ժողովուրդ»

Շատ անհաջող միջադեպ էր. ԵՄ դեսպանը՝ ադրբեջանցիների կողմից ավտոբուսը կանգնեցնելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:

ԵՄ դեսպանից, մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում դեպքի մասին. չէ՞ որ, ի վերջո, շատ միջազգային կոնվենցիաներ են խախտվել, անգամ այդ պահին երեխաներից մեկն ուշաթափվել է: Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշեց. «Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց եւ ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք եւ փորձում ենք լուծել խնդիրը»:

Մեր ճշտող հարցին՝ իսկ ինչ կասի Արցախի երեխաների ոտնահարված իրավունքների մասին, տիկին Վիկտորինը նշեց. «Կարծում եմ՝ արդեն ասացի. մենք փորձում ենք դիվանագիտական լուծում գտնել»: Իսկապես մտահոգ էր ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: