ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սահմանադրական փոփոխությունները չեն նշանակում, որ Արցախի նախագահը պատրաստվում է հրաժարականի. Խոսնակ

Սահմանադրական փոփոխությունները չեն նշանակում, որ Արցախի նախագահը պատրաստվում է հրաժարականի. Խոսնակ

Սահմանադրական փոփոխությունները չեն նշանակում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«2020 թվականի պատերազմից հետո մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք հայտնվել՝ օր-օրի Արցախի շուրջ փոփոխվում է թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՛ տարածաշրջանային զարգացումներ են տեղի ունենում: Արցախի նախագահի մամուլի խոսնակը բացառեց վարկածը, թե սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ: Խոսքը նախագահի հնարավոր հրաժարականի մասին չէ, այլ խոսքն այն մասին է, որ ստեղծված պայմաններում մենք ունենք բազմաթիվ սպառնալիքներ, և Արցախն անգլուխ մնալ չի կարող», - ընդգծել է Ավանիսյանը։

Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Արցախի Ազգային ժողովի քննարկմանը: Ըստ նախագծի` ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում արտահերթ ընտրություն չի նշանակվում, ԱԺ ընտրած նախագահը պաշտոնավարում է մինչև նախագահական հերթական ընտրություններ։

Նշենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթաց էր մեկնարկել նաև 2022-ի հունվարին: Այն ժամանակ խոսքը նոր մայր օրենք ունենալու մասին էր, նախագիծը, սակայն նոյեմբերին հանվեց շրջանառությունից Արցախի նախագահի դիմումի համաձայն` հակասական քաղաքական գնահատականների և հանրային տրամադրությունների պատճառով:

  • Կիսվել: