հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա մահվան ու կյանքի պայքար է. արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտում` պահանջելով Ադրբեջանին վերականգնել Արցախում գազի մատակարարումը

Սա մահվան ու կյանքի պայքար է. արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտում` պահանջելով Ադրբեջանին վերականգնել Արցախում գազի մատակարարումը

Արցախցի կանայք երեխաների հետ այսօր Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ խաղաղ հավաք են անցկացրել՝ պահանջելով միջազգային կառույցներին պարտադրել Ադրբեջանին վերականգնել Արցախում գազի մատակարարումը։

«Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին տեղյակ է աշխարհը, բայց որեւէ քայլ չի ձեռնարկվում, միայն մտահոգված են, կոչեր են անում, իսկ սայլը տեղից չի շարժվում։

Արցախցին ունի այն նույն իրավունքները, ինչ ունեն մնացած երկրների քաղաքացիները։ Անթույլատրելի է, որ բնակիչների նկատմամբ ահաբեկչություն իրականացվի, բայց մենք Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հայտնվել ենք անելանելի վիճակում։ Չկա որեւէ կառույց, որը կստիպի ագրեսորին վերջ տալ իր գործողություններին։ Մենք միջազգային կառույցներից պահանջում ենք, որ անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգությամբ, սա միայն կենցաղային  խնդիր չէ»,– հայտարարեց խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկը։

Արցախցիները մտահոգված են, որ առաջիկայում  հնարավոր է այլ կենսական նշանակություն ունեցող պայմաններից զրկվեն։

«Արցախցին չի ուզում իր հողն ու տունը լքել, թող ադրբեջանցին դա հասկանա։ Արցախցին ապրել ու ապրելու է Արցախում։ Արցախն Ադրբեջան չէ եւ երբեք չի լինելու։ Մենք ապրելու ենք ու պայքարելու ենք մեր իրավունքների համար։ Արցախը չեն կարող հայաթափել։

Լինի Ադրբեջանը, Թուրքիան, կամ այլ երկիր թող չմտածեն, որ արցախցուն կարող են ճնշել։ Եվ եթե ինչ–որ կառույց, ինչ–որ մեկը հայտարարում է, թե նորմալ է, մենք 90–ականներին նույնպես եղել ենք նման իրավիճակում, ապա ասեմ, որ սա 90–ականները չէ, սա մահվան ու կյանքի պայքար է»,– հայտարարեց արցախցի կինը։

  • Կիսվել: