շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է. ԱԳ նախարարը՝ ԵԽ-ի ընդունած բանաձևի մասին

Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է. ԱԳ նախարարը՝ ԵԽ-ի ընդունած բանաձևի մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի ընդունումը համարում է կարևոր բարոյական և քաղաքական քայլ:

Բաբայանը նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ-ի արտահերթ նիստում, որում քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին  ԱՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը:
 
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի  մշակութային ցեղասպանությունը:
 
«Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է: Մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք այդ  ուղղությամբ: Եվ դա մեր Հայոց եռամիասնության՝ Արցախի, Հայաստանի, սփյուռքի հաղթանակն է: Բնական է՝ մեծ աշխատանք են տարել նաև մեր այդ կառույցները, Հայ դատը, Արցախի և Հայաստանի համապատասխան ներկայացուցչությունները»,-ասաց Բաբայանը:
 
Գործընթացը, ըստ նախարարի, եղել է  բավականին հագեցած, վերջին պահին ադրբեջանցիները փորձել են որոշ հնարքներ ձեռնարկել, բայց բարեբախտաբար բանաձևը հաջողվել է ընդունել:
 
«Այսինքն՝ սա կարևոր բարոյական և քաղաքական փոքր, բայց էլի մեզ համար շատ կարևոր առաջընթաց է»,-ասաց ԱԳ նախարարը:
 
Եվրոպական խորհրդարանը մարտի 10-ին 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որով  կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը, հիշեցնում է, որ ԼՂ 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր՝ այդ թվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը:

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը:

 

  • Կիսվել: