ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք ունենք մեկ պետական լեզու՝ հայերենը, իսկ ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան

Մենք ունենք մեկ պետական լեզու՝ հայերենը, իսկ ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Նա նշեց, որ այդպիսով Արցախը չի հրաժարվում իր պետականությունից, իր պետական լեզվից. ՛՛Մենք ունենք միայն մեկ պետական լեզու, դա հայերենն է՛՛:

Բաբայանի խոսքով՝ Արցախում ռուսերենի՝ որպես պաշտոնական երկրորդ լեզվի ընդունումը չի կարող վատ հետևանքներ ունենալ Արցախի վրա, ավելին՝ եթե հետևանքներ, ապա միայն դրական:

՛՛Սա որևէ ձև չի կարող ազդեցություն ունենալ հայերենի տեղի ու դերի վրա: Հայոց լեզուն Արցախի պետական լեզուն է, այն մեր ինքնության, մեր ինքնագիտակցության, անցյալի, ներկայի և ապագայի կարևորագույն գրավականն է: Ես չեմ ուզում, որ մենք զբաղվենք շահարկումներով, այլ մոտենանք հարցերին սառնասրտորեն, այնպես անենք, որ մեր երկրին այն օգուտ բերի: Արցախում որևէ մեկը հայերենի տեղն ու դերը չի կարող կասկածի տակ դնել՛՛,-ասաց նա:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այս որոշումը դեռ ավելի վաղ պիտի ընդունվեր. ՛՛Եթե մենք պատմությունը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Արցախի Հանրապետության հռչակագիրը առաջին անգամ ընթերցվել է ռուսերեն: Մենք երևի պետք է ժամանակին այդ հարցը լուծեինք, երբ Արցախի Հանրապետությունը նոր էր ստեղծվել, որովհետև Բաքվից Սումգայիթից այնքան փախստականներ էին եկել Արցախ, որոնք հիմնականում ռուսախոս էին: Նրանց հիմնական մասը լքել է Արցախը նաև ինտեգրվել չկարողանալու պատճառով, և մենք կորցրել ենք ոչ միայն հազարավոր քաղաքացիների՝ քանակական առումով,  այլ նաև ինտելեկտուալ առումով՝ կորցրել ենք մեծ ներուժ՛՛:

Բաբայանը հուսով է, որ Արցախում ռուսերեն լեզվի պաշտոնական դարձնելն է;լ ավելի կմիավորի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին և կխորացնի նրանց միջը կապը:

՛՛Մենք պետք է ավելի խորացնենք մեր կապերը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ: Սփյուռքի ամենամեծ հատվածը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ավելի քան 3 մլն հայեր կան այնտեղ: Ավելին՝ այդ 3 մլն հայերից մի պատկառելի մասը արցախցիներ են: Ավելի շատ արցախցի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, քան Արցախում: Այս տեսակետից ռուսաց լեզվին ինչ-որ կարգավիճակ տալը մեր հանրապետությունում, կարծում եմ, առնվազն վնաս չի հասցնի, ընդհակառակը, կարող է օգուտ տալ՛՛,-վստահեցրեց նա:

Բաբայանի խոսքով՝ խնդիրը ոչ թե լեզուն է, այլ ինքնագիտակցությունը: ՛՛Չկա՞ մարդ, որ միայն հայերեն է խոսում, բայց գող ու ավազակ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի առաջին հերթին մեր շահերից բխի և դրական ազդի մեր երկրի տնտեսության, քաղաքական վարկանիշի և տարբեր հարթությունների վրա՛՛,- ասաց նա:

  • Կիսվել: