երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը պատրաստ է ցանկության դեպքում աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է ցանկության դեպքում աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է цանկության դեպքում աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

՛՛'Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր: Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ՛՛,-ասել է նա ։

Դիվանագետը հավելել է. ՛՛Պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի՛՛:

Գալուզինը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած մարտական բախումների արդյունքում Ղարաբաղն անցել է Բաքվի լիակատար վերահսկողության տակ:

՛՛Ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից՛՛,-շարունակել է նա։

՛՛Ռուսական խաղաղապահ զորակազմի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ և բանակցություններ են անցկացվել Ղարաբաղի հայ բնակչության և ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների միջև: Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակիչներին, իրականացրել մարդասիրական օգնության առաքում, կազմակերպել բժշկական տարհանում՛՛,-ընդգծել է Գալուզինը:

Ինչպես շեշտել է դիվանագետը՝ նշված իրադարձությունները տեղի չեն ունեցել դատարկ տեղում. հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ նրա կազմում Ղարաբաղը՝ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում։ ՛՛Ընդ որում, տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցն այն ժամանակ լուծված չէր։ Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին՛՛,-ամփոփել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: