ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել. ԱՀ նախագահ

Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Նիստում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, քննարկվել են դրանց հաղթահարման մեխանիզմները։

ԱՀ նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ:

ԱՀ ԱԽ նիստում ընդգծվել է սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը ճգնաժամային իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։ Օպերատիվ շտաբի պետ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում կներկայացնի շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերքեյ Լավրովը այսօր հայտարարել էր, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփման արդյունքում Լաչինի միջանցքը ամենայն հավանականությամբ կբացվի։

 

  • Կիսվել: