երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի երեխաներին գալիք տոների կապակցությամբ

Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի երեխաներին գալիք տոների կապակցությամբ

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել ու գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի շուրջ հազար դպրոցականների, որոնք բնակվում են կողմերի սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուս խաղաղապահները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ սկսել են ամանորյա ակցիաներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը: 

Մարտակերտի շրջանի դպրոցի տարածքում խաղաղապահները բարերարների հետ տարրական դասարանների աշակերտներին մանկական խաղալիքների եւ քաղցրավենիքի հավաքածուների տեսքով ամանորյա նվերներ են հանձնել։

«Այսօր մենք նշեցինք Նոր տարին եւ շատ շնորհակալ ենք, որովհետեւ մեր երեխաները շատ ուրախացան ձեր նվերների եւ ձեր ուշադրության համար: Նրանք պատրաստվում էին այս օրվան՝ անհամբեր սպասելով դրան։ Հիմա պատկերացնում եմ, թե ինչ բարձր տրամադրություն ունեն, քանի որ անցյալ տարի մենք չէինք նշում Նոր տարին, բայց այս տարի արդեն որոշել ենք Նոր տարին նշել ձեր օգնությամբ։ Շատ շնորհակալ եմ»,-ասել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Մարտիրոսյանը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երեւան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից եւ բեռնվել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում գտնվող ռազմական ինքնաթիռ։ Այնուհետեւ Երեւանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ։

Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին կիրականացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիաներ եւ նվերներ կհանձնեն շուրջ 8000 երեխաների Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից։

  • Կիսվել: