շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են ԼՂ-ում խաղաղությունը պահպանելու համար․ ՌԴ դեսպան

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են ԼՂ-ում խաղաղությունը պահպանելու համար․ ՌԴ դեսպան

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Երևանում «Հաղթանակի պարտեզի» բացման ժամանակ ասաց, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար։
 
Խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում կայունությունը պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Բոլորը, Հայաստանի ղեկավարությունը գիտակցում են, որ խաղաղապահներն առանցքային դեր ունեն տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար։ Ոչ ոք դա կասկածի տակ չի դնում»,- լրագրողներին ասաց դեսպանը:
 
Դեսպանը ձեռնպահ մնաց Արցախի Փառուխ գյուղում տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններից՝ հավելելով, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
 
«Չեմ կարծում, որ դրան ավելացնելու բան կա: Մեր դիրքորոշման հիմքում, իհարկե, այն է, որ եռակողմ համաձայնագրերում ամրագրված դրույթները խստորեն կատարվեն»,- ասաց դեսպանը։
 
Խաղաղապահների կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին հարցին նա պատասխանեց, որ դրա թիվը որոշվել է նշված եռակողմ համաձայնագրերով։
 
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ԼՂ-ում ռուս խաղաղապահների քանակի մեծացման կարիքի մասին։

  • Կիսվել: