շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանին ձերբակալելը, մեղադրանք առաջադրելը ճնշում է ամբողջ աշխարհի 10 մլն հայերի նկատմամբ. Նուբար Աֆեյան

Ռուբեն Վարդանյանին ձերբակալելը, մեղադրանք առաջադրելը ճնշում է ամբողջ աշխարհի 10 մլն հայերի նկատմամբ. Նուբար Աֆեյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապված իրավիճակը շատ ցավալի է։ Այս մասին ասել է ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ CNN-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Վարդանյանի անօրինական կալանավորմանն ու անհիմն մեղադրանքների ներկայացմանը:

«Ռուբեն Վարդանյանի հետ աշխատել եմ 23 տարի՝  Հայաստանում իրականացված մեկ տասնյակից ավելի մարդասիրական և բարեգործական նախագծերի շրջանակում... Ռուբենը, իր ժողովրդի ճակատագրի համար հուսահատությունից դրդված, անցած աշուն տեղափոխվել է Ղարաբաղ, որը մենքը անվանում ենք Արցախ, որպեսզի այնտեղի մարդկանց օգնի վերկանգնել իրենց արժանապատվությունը և դիմակայել իրենց վրա գործադրվող ճնշմանը։ Եվ նախարարի պաշտոնում երեք ամիս շարունակ նա դա արել է, իսկ պաշտոնը լքելուց հետո մնացել է այնտեղ ու մարդասիրական նախագծեր իրականացրել՝ օգնելով մարդկանց հաղթահարել հանգամանքները», - ասել է Աֆեյանը:

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած անսպասելի պատերազմից հետո Վարդանյանը, մյուս արցախցիների պես, փորձել է դուրս գալ Արցախից ու տեղափոխվել Հայաստան, քանի որ Ադրբեջանը հրապարակավ հայտարարել էր, որ բոլորը կարող են ազատ հեռանալ, սակայն իրականում Վարդանյանը ձերբակալվել է և նրան անհիմն, անապացույց մեղադրանքներ են ներկայացվել:

«Կարծում եմ՝ Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է... Եվ ադրբեջանցիների կողմից նրան ձերբակալելն ու դրանից շոու սարքելը, մեղադրանքներ ներկայացնելը, արվել է աշխարհի տասը միլիոն հայերին հոգեբանական տառապանք պատճառելու համար: Իրապես լիահույս եմ, որ միջազգային ուժերն աչք չեն փակի Ռուբենի ու ինքնավար տարածաշրջանի ղեկավարության մյուս յոթ ներկայացուցիչների ձերբակալման հարցում, քանի որ այդ դեպքում ավելի կխրախուսվի այս տիպի անարդարությունն ու անպատժելիությունը: Կարծում եմ, որ դրա դեմ պետք է խոսել»,- ասել է Աֆեյանը:

Նա ընդգծել է, որ այն, ինչ կատարվել է Արցախում դասական էթնիկ զտում է, ինչն ասել են նաև միջազգային փորձագետները:

  • Կիսվել: