ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում ռուս խաղաղապահի մահվան մասին տեղեկությունը
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում գտնվող 18 դիտակետերում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
2023-ի դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ԲՏՌ-82 լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող, երկուսը ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ:
Ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Վնասվածքներ ստացած զինծառայողները ռուսական խաղաղապահ զորակազմի ավիացիոն տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն՝ հետագա բուժման համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչ է ընկել ձորը. կա զոհ: