հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ռազմագերիների թիվը շատ ավելին է, քան հաստատված է Ադրբեջանի կողմից». Գեղամ Ստեփանյան

«Ռազմագերիների թիվը շատ ավելին է, քան հաստատված է Ադրբեջանի կողմից». Գեղամ Ստեփանյան

Հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել էր նաև հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորության մասին։

Քաղաքական հանդիպումները որքանո՞վ կարող են նպաստել հումանիտար խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցի առնչությամբ ասաց, որ իրականում հայ ռազմագերիների խնդիրն Ադրբեջանն այնքան է քաղաքականացրել և վերածել քաղաքական առևտրի, որ իր կարծիքով՝ քաղաքական տարբեր պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր կլինի հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին։

«Այս պահին ես ո՛չ տեղեկատվություն ունեմ, ո՛չ էլ մեծ հաշվով հույս ունեմ, որ առաջիկայում հնարավոր է՝ նման բան տեղի ունենա, որովհետև տեսնում ենք, որ կոնկրետ այդ հարցում Ադրբեջանը չափազանց ապակառուցողական է։ Նրանց ամբողջ հայատյացությունը տարածվում է Բաքվում պահվող մեր ռազմագերիների վրա։ Այս առումով հույս չի ներշնչում, որ կվերադառնան»,- շեշտեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով, եթե հարցը դիտարկեն՝ հայ ռազմագերիներին իրավակա՞ն, թե՞ քաղաքական ճանապարհով հնարավոր կլինի վերադարձնել հայրենիք, ապա ակնհայտ է, որ ի վերջո ռազմագերիների հայրենադարձումը կարող է լինել քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։ Ինչպես եղել է ավելի վաղ վերադարձված գերիների դեպքում։

«Քաղաքական տարբեր հանդիպումների արդյունքում մենք տեսել ենք, որ որոշակի թվով գերիներ են վերադարձել հայրենիք»,- հավելեց Գ. Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի և նրան մոտ կանգնած պաշտոնյաների հայտարարություններին, որ եթե Հայաստանը ցանկանում է լուծել ռազմագերիների հարցը, ապա պետք է հրաժարվի Արցախից, Գեղամ Ստեփանյանը նկատեց՝ տարբեր առիթներով արդեն ասել են, որ այդ հարցում Ադրբեջանն իրեն դրսևորում է ամենավերջին վայրագի նման։

«Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ Բաքվում չկան հայ ռազմագերիներ՝ ուղղակի ցնորամտություն է։ Իհարկե, կան ռազմագերիներ, և նրանց թիվը, իմ գնահատմամբ՝ շատ ավելին է, քան հաստատված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է նաև ռազմագերիների թիվը։ Իսկ հաստատված ռազմագերիներին ներկայացնում է՝ որպես «ահաբեկիչներ»։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը միշտ իրեն հակասող հայտարարություններ է անում՝ մի դեպքում ասելով, որ Բաքվում գտնվող գերիներն «ահաբեկիչներ» են, որոնք գերեվարվել են պատերազմից հետո, մինչդեռ այնտեղ ունենք մարդիկ, որոնք գերեվարվել են հենց պատերազմի ժամանակ։ Մյուս կողմից՝ ունենք պատանդառված կամ գերեվարված մարդիկ, ովքեր պատերազմից հետո են գերեվարվել, բայց արդեն հայրենադարձվել են հայրենիք։ Այսինքն՝ Ադրբեջանն ուղղակի պահում է գերիներին ապօրինաբար՝ մարդու իրավունքների կոպտագույն և մարդասիրության սկզբունքների խախտումներով։ Ադրբեջանը տարբեր հիմար բացատրություններ է փնտրում իր այդ արարքն արդարացնելու համար»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցի վերլուծաբան Ֆարխադ Մամեդովն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ «գերիները կվերադառնան, երբ Ադրբեջանի տարածքից հանեն Հայաստանի զինված վերջին քաղաքացուն»։

Ի դեպ, օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից և ապա նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների թբիլիսյան հանդիպումից հետո, այսօր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի»:

Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ պաշտոնական Բաքվի պահանջը կատարելուց հետո Հայաստանը սեպտեմբերին էլ կդիմի Ադրբեջանին ռազմագերիներին վերադարձնելու հարցով: Հույս ունենա՞նք, որ գոնե թե Ադրբեջանի, և թե Հայաստանի ղեկավարների նշած թվով ռազմագերիները կվերադառնան հայրենիք:

  • Կիսվել: