ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քրեական գործի նյութերում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության արարք Ավետարանոցի համայնքապետին չի վերագրվել.դատախազություն

Քրեական գործի նյութերում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության արարք Ավետարանոցի համայնքապետին չի վերագրվել.դատախազություն

Ավետարանոց համայնքի տեղահանված բնակչության ֆինանսական աջակցության շահառուների ցուցակներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող անձանց ներառելու դեպքով հարուցված քրեական գործի հիմք հանդիսացող նյութերում որևէ տեղեկություն չկա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության դեպքի մասին, և նման արարքի կատարում Ավետարանոց համայնքի ղեկավարին չի վերագրվել:

 Այս մասին պարզաբանում է տվել Արցախի գլխավոր դատախազությունը:
 
«Դատախազությանն ուղղված հարցերի կապակցությամբ պարզաբանում ենք, որ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող նյութերում որևէ տեղեկություն չկա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության դեպքի մասին, և նման արարքի կատարում Ավետարանոց համայնքի ղեկավարին չի վերագրվել: Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազություն ներկայացված տեղեկությունների ստուգման արդյունքում՝ ձեռք բերված նախնական տեղեկությունների հիման վրա, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ` հետաքննություն իրականացնելու և հետագայում նկարագրված դեպքի կապակցությամբ նախաքննական մարմնի կողմից լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Հատկանշական է, որ նույնատիպ դեպքերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել՝ ոչ միայն Ավետարանոց, այլև՝ Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի շրջանների մի շարք այլ համայնքների ցուցակներում վեր հանված անճշտությունների կապակցությամբ»,-պարզաբանել են դատախազությունից՝հավելելով, որ դատախազությունն ընդամենը հրապարակել է այն տեղեկությունները, որոնք հիմք են հանդիսացել Արցախի ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու համար: Ըստ այդմ՝ հրապարակված տեղեկությունը նախաքննության շրջանակում ենթակա է մանրակրկիտ քննության, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մանրակրկիտ քննության կառնի բոլոր փաստարկները:
 
Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության դատախազության կայքում տեղեկություն էր հրապարակվել այն քրեական գործի հարուցման մասին, որը վերաբերում էր Ավետարանոց համայնքի ղեկավարի կողմից Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող դրամական աջակցության շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող թվով 227 անձի տվյալների ներառմանը, որի հիման վրա՝ վերջիններս 300.000-ական դրամ գումար են ստացել: Քրեական գործը հարուցվել է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

  • Կիսվել: