երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քենիան կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով

Քենիան կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով

Քենիան խորապես մտահոգված է այն տեղեկություններով, որոնք ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման վերաբերյալ։ Քենիան երկու կողմերին կոչ է անում նվազեցնել առկա լարվածությունը և համագործակցել՝ ապահովելու համար միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Քենիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որի ընթացքում քննարկվում էր իրավիճակը Լաչինի միջանցքում։

«Ընդգծում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերն առավելագույն զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան որևէ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նրանք պետք է մասնավորապես զերծ մնան ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Դա կարող է խուճապ սերմանել բնակչության շրջանում՝ խաթարելով փոխըմբռնումը և խաղաղությունը», - հայտնել է ՄԱԿ-ում Քենիայի ներկայացուցիչը։

Դիվանագետը նշել է, որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում, սակայն վեճերի խաղաղ լուծման համար առկա գործիքների կիրառությունը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործիքների կիրառությունը, այդ թվում՝ խորհրդակցությունները և բանակցությունները, լավագույն հնարավորությունն են ընձեռում տևական և կայուն արդյունքի հասնելու համար։

Ուստի մենք կոչ ենք անում շահագրգիռ կողմերին շարունակել աշխատել երկու կողմերի հետ՝ գտնելու հակամարտության համապարփակ և տևական լուծում և կարգավորելու հարաբերությունները՝ հիմնվելով երկու կողմերի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման սկզբունքների վրա՝ իրենց սահմաններով», - ասել է Քենիայի ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունը պետք է որդեգրել՝ որպես հակամարտության լուծման առաջնային և ամենակենսունակ ճանապարհը։ Ըստ Քենիայի ներկայացուցչի՝ երկու երկրները պետք է բարեխղճորեն աշխատեն՝ քաղաքական կամք և վճռականություն ցուցաբերելով։

«Այդպիսի համագործակցությունն իր հերթին կբերի շոշափելի արդյունքներ, որոնք շահեկան կլինեն երկու երկրների համար», - եզրափակել է Քենիայի ներկայացուցիչը։

  • Կիսվել: