չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի․ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի․ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ

Մենք մի քանի ամիս է, ինչ զգուշացնում ենք միջազգային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Այս մասին BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Ադրբեջանի կողմից կենսապահովման այս կարևոր ուղու  փակումը պայմաններ ստեղծեց մարդածին հումանիտար աղետի համար: Այսօր ուղիղ ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր պակասից»,- հայտարարել է  Մարգարյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որ պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը  և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները Լեռնային Ղարաբաղում։

«ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարին  միջանկյալ միջոց հրապարակեց, իսկ հուլիսին վերահաստատեց այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի (Բերձոր) միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի  իրականացրել: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն արեց՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անվերապահորեն իրականացնել   միջազգային դատարանի որոշումը և վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մեկ ամիս առաջ մենք նաև կոնկրետ խնդրանքով դիմել ենք Անվտանգության խորհրդին՝ հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ապահովել  միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։ Նույնիսկ Միջազգային Կարմիր Խաչին է արգելված  մուտք գործել այս տարածք: Ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ գրել են՝ հայտարարություններ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։ Միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները։

Անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի։ Ամենահարմարը կլինի բանաձևը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և   բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի  իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։ Արդեն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական բեռներով ավտոշարասյունը արգելափակված է սահմանին։

Այս իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Մարդիկ տառապում են, սնունդ չկա, դեղորայքը չի հերիքում, միջազգային հանրության միջամտության խիստ անհրաժեշտություն կա՝ զանգվածային վայրագությունները հիմա կանխելու համար»,- նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: