չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատերազմը չի վերջացել, այլ տեղափոխվել է մեկ ուրիշ փուլ․ Ռուբեն Վարդանյանն Ասկերանում հանդիպում է ունեցել

Պատերազմը չի վերջացել, այլ տեղափոխվել է մեկ ուրիշ փուլ․ Ռուբեն Վարդանյանն Ասկերանում հանդիպում է ունեցել

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին անդրադառնալու և քաղաքացիների շրջանում առաջացած հարցերին պատասխանելու նպատակով այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ԱՀ ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների ուղեկցությամբ Ասկերան քաղաքում հանդիպել է շրջանի ուժային կառուցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների, հանրակրթական հաստատությունների ղեկավարների և ասկերանցիների հետ:

Հանդիպման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: Շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ այսօր, երբ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, յուրաքանչյուրից կախված է լինել միասնական, մեկը մյուսի հանդեպ հանդուրժող և ներողամիտ:

Շրջվարչակազմի ղեկավարը միաժամանակ հորդորել է՝ պահպանել հանգստություն, չտրվել ապատեղեկատվություններին և չմատնվել խուճապի: Շրջվարչակազմում գործում է 24-ժամյա ռեժիմով հերթապահություն՝ պատրաստ անմիջապես արձագանքելու ցանկացած խնդրի: ԱՀ պետնախարարը նախ շնորհակալություն հայտնեց այս հանդիպմանը մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու համար:

Նա, Արցախի համար բարդ ու դժվարին այս իրավիճակում ժողովրդի համախմբվածությունը և միաբռունցք լինելը շատ կարևոր համարեց, իսկ այն, որ հանդիպումներին մասնակցում են նաև ԱՀ Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, վկայում է Արցախի կառավարության և խորհրդարանի միաբանության մասին:

«Ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելու համար բոլոր խնդիրները հնարավոր է հաղթահարել կազմակերպված, արդար և թափանցիկ գործելաոճով: Օրենքի առջև բոլորս հավասար ենք: Պատերազմը չի վերջացել, այլ տեղափոխվել է մեկ ուրիշ փուլ: Բոլորս հայտնվել ենք մի նավի մեջ, և դրանից դուրս գալու միակ ճանապարհը պայքարն է ոչ միայն զենքով, խոսքով, այլ նաև մեր գործով ու նվիրումով: Այո, վիճակը ծանր է, այս կարգավիճակում բոլորս հավասար ենք, և մենք միասին պետք է հաղթահարենք դժվարությունները», -ասաց Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարը և պատգամավորները պատասխանեցին ներկաների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին երկրի անվտանգությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ու դրա հաղթահարմանը:

Հանդիպման մասնակիցները ողջունեցին նման ձևաչափով կազմակերպված հանդիպումը և վստահեցրին, որ ավելի ամուր են կանգնած մայր հողին ուպատրաստ են պայքարելու, պաշտպանելու սեփական հողում ապրելու իրենց լիիրավ իրավունքը։

  • Կիսվել: