չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Փաստ»․ Արցախում նախընտրական գործընթացները բարդ փուլ են մտնում՝  հղի  լարված իրավիճակներով

«Փաստ»․ Արցախում նախընտրական գործընթացները բարդ փուլ են մտնում՝ հղի լարված իրավիճակներով

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում: Արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը փորձում էր հանդես գալ սեփական թեկնածուով: 

Հիմնականում շրջանառվում էին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանի եւ «Շարժում 88»-ի նախկին ներկայացուցիչ Գագիկ Բաղունցի անունները: 

Վերջին փուլում կենտրոնացել էին Նազլուխանյանի վրա (մեր հրապարակած այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բաբայանը Արցախինֆոյին տված պարզաբանման մեջ): 

Ավելին, նույնիսկ արտահերթ համագումարի օր էր նշանակվել՝ փետրվարի 9-ը: 

Սակայն այդ օրը համագումարում ներկաներին տեղեկացվեց, որ նախատեսված հայտարարությունը չի հնչի, որովհետեւ օրակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այլ ուժի թեկնածուի կսատարեն: 

Արցախում շատերն էին տարակուսել, թե որքան անլուրջ է արտահերթ համագումար հրավիրել ու վերջին պահին ասել, որ այսօր էլ չի ստացվի հայտարարել իրենց թեկնածուի մասին: Իրականում խնդիրն այլ է: 

Ըստ արցախյան մեր աղբյուրների, Մասիս Մայիլյանը, որն առկա իրավիճակում նախագահական ընտրություններում հաղթելու շանս չի տեսնում, որոշել է, որ իր շանսերը միայն կավելանան Բաբայանի հետ միավորվելուց հետո: 

Իսկ Բաբայանն իր հերթին խորհրդարանում մեծ ներկայություն ապահովելու խնդիր է ուզում լուծել, որպեսզի նախագահական ընտրություններում ձախողվելու դեպքում Մայիլյանի հետ ընդհանուր մեծ թվով մանդատներ ունենան, ինչը հնարավորություն կտա օրվա իշխանության համար խնդիրներ ստեղծել: 

Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «չեզոք գոտում» գաղտնի հանդիպել են Մայիլյանն ու Բաբայանը: Փաստացի, Արցախում նախընտրական գործընթացները բարդ փուլ են մտնում, որը հղի է լարված իրավիճակներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: