շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փառուխի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. համայնքապետ

Փառուխի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ համայնքը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի պատմությունը սկսվում է 9֊րդ դարից։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փառուխի համայնքապետ Վարդան Միքայելյանը:

«Ազատ բնակֆոնդից մեծ սիրով բնակարաններ կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին։ Համոզված եմ՝ նրանք նոր շունչ հաղորդեն մեր գյուղին: Համայնքապետարանի շենքը վթարային է, բուժկետը՝ նույնպես: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են բարեկարգ վիճակում: Մոտ մեկ տարի է՝ դպրոցը չի գործում. համայնքում դպրոցահասակ երեխաներ չկան»,- պատմել է համայնքի ղեկավարը:

Մեր զրուցակիցը նշել է, որ երբեմնի աշխույժ գյուղն այսօր աշխատող ձեռքի կարիք է զգում։

«Մեր բնությունը շատ գեղեցիկ է։ Մրգատու ծառերն էլ կքած են բերքի ծանրությունից։ Պատերազմից հետո 60 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք է մնացել թշնամու տիրապետության տակ, բայց մարդիկ չեն ընկրկում: Գյուղի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև անասնապահությամբ զբաղվելու համար. այսօր գյուղում ապրող մարդիկ զարգացնում են գյուղատնտեսության հենց այդ ճյուղը»,- ընդգծել է Վ. Միքայելյանը:


 

  • Կիսվել: