երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Արցախ օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով

Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Արցախ օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով

Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) խնդրանքով, Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ դիմելու Ֆրանսիայի տարածքային մարմիններին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մարդասիրական օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ  Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Նախագիծը սուբսիդավորում են Իլ-դը-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպեր, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա Պրովանս-Ալպեր-Կոտ դ ' Ազուր, Պեյ-դե-լա-Լուար շրջանները և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Քսավիեր Բերտրանը, Բրունո Ռետայոն, Ժաննա Բարսեղյանն, ինչպես նաև Պատրիկ Կարամն և Միշել Ռուբիրոլան որոշել են անձնապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ին, ժամը 12-ին:

Ֆրանսիայի հայկական ընկերությունը (CCAF) շնորհակալություն է հայտնում համայնքներին՝ տրամադրած  ֆինանսական աջակցության, ինչպես նաև այս նախագծին մասնակցություն բերած պաշտոնյաներին՝ քաղաքական խիզախության և անձնական նվիրվածության համար:

Ֆրանսիայի հայկական ընկերությունն (CCAF)  իր հերթին, ֆրանսիական և եվրոպական իշխանություններին խնդրում է հատուկ դիվանագիտական միջոցներ բանեցնել, որպեսզի թույլ տան ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 10 բեռնատարների մուտքը՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետով՝ հասնելու նշանակման վայր:

Մինչ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը տառապում է սովից, այժմ, առավել քան երբևէ, եկել է միասնություն ցուցաբերելու, միջոցներ ձեռնարկելու և պատժամիջոցներ սահմանելու ժամանակը՝ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են համընդհանուր պասիվության պայմաններում մեր աչքի առաջ ծավալվող մարդասիրական աղետի համար»,-գրում է Մուրադ Փափազյանը։

  • Կիսվել: