չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Պարգև Սրբազանը Հայաստանում է. նա հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

Պարգև Սրբազանը Հայաստանում է. նա հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմի առաջնորդին:

 

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:

Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։

 

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձան Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։

  • Կիսվել: