չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ոստիկանական պատնեշ՝ ընդդեմ աղոթքի. Արցախի թեմի հայտարարությունը

Ոստիկանական պատնեշ՝ ընդդեմ աղոթքի. Արցախի թեմի հայտարարությունը

ՀԱՍԵ Արցախի թեմը ՛՛Ոստիկանական պատնեշ՝ ընդդեմ աղոթքի՛՛ վերտառությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

Հայոց Հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա, մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշները, հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին և աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Դատապարտում ենք ոստիկանական ուժերի նման վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ և կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից:

Թող Տերը արթնություն ու զգոնություն տա մեր ազգին և անսասան պահի հայոց սահմանները՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեին Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամներ, սակայն Վեհափառ հայրապետին հաջողվել է այցելել հուշահամալիր եւ աղոթք կարդալ:

  • Կիսվել: