երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որ ապրանքատեսակների շուկայում է գնաճ գրանցվել. պարզաբանում

Որ ապրանքատեսակների շուկայում է գնաճ գրանցվել. պարզաբանում

Վերջին շրջանում Արցախի Հանրապետության տարածքում մի շարք ապրանքատեսակների գնաճ է նկատվում, հատկապես՝ կաթնամթերքի շուկայում։

Իսկ թե ինչով են պայմանավորված թանկացումները, «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանի հետ։

«ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մշտապես իրականացնում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մշտադիտարկումներ, ինչը նպատակ ունի վերահսկել գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գնային քաղաքականությունը, քանի որ միայն խոշոր սուբյեկտները կարող են միակողմանի ազդել շուկայի պայմանների, այդ թվում՝ գների վրա, այսինքն՝ Հանձնաժողովը գների մասով վերահսկում է միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին: Այս համատեքստում հետպատերազմյան ժամանակաշրջանում տեղի ունեցած գնաճերը Հանձնաժողովին վերաբերում են «Ձեթ», «Բենզին», «Դիզվառելիք» և «Կաթնամթերք» ապրանքատեսակների մասով»,-նշել է Հ. Ավթանդիլյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2021 թվականին, ինչպես նաև 2022 թվականի սկզբից գնաճը պայմանավորված է ինչպես հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք հիմնականում ազդել են տեղական արտադրության ապրանքատեսակների վրա, («Կաթնամթերք» և «Հացամթերք»), այնպես էլ ներմուծվող ապրանքատեսակների վրա, որոնց գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում և ՀՀ-ում տեղի ունեցած ապրանքատեսակների և հումքի գնաճով. դրանք են՝ «Ձեթ», «Ալյուր», «Բենզին», «Դիզվառելիք» և մի շարք այլ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ:

«Այն շուկաներում, որտեղ չկան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտներ, ուսումնասիրության անհրաժեշտություն չկա, և գները ձևավորվում են օբյեկտիվորեն, իսկ գերիշխող դիրք ունեցող ապրանքային շուկաներում Հանձնաժողովը իրականացնում է ավելի խորացված ուսումնասիրություններ, որի միջոցով պարզում է գնային փոփոխությունների պատճառը և դրանց ազդեցությունը կոնկրետ գերիշխող սուբյեկտների ինքարժեքի վրա: Այդ պատճառով վերջերս Հանձնաժովի կողմից ուսումնասիրություն է սկսվել կաթնամթերքի շրջանառության ոլորտում, որտեղ գնաճ է տեղի ունեցել, և առկա են գերիշխող սուբյեկտներ: Նախնական տվյալներով կարող ենք ասել, որ կաթնամթերքի շուկայում գնաճը պայմանավորված է մթերվող անարատ կաթի գների աճով, որն իր հերթին պայմանավորված է տվյալ ոլորտում հումքի գների աճով, և հետպատերազմյան ժամանակաշրջանում անարատ կաթի ծավալների կտրուկ կրճատումը հանգեցրել է ներմուծվող կաթի փոշու ծավալների ավելացմանը արտադրության մեջ, իսկ կաթի փոշու միջազգային գները վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել են, ինչպես նաև աճել են արտադրության մեջ օգտագործվող ներմուծվող կարագի գները։ Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք ազդել են տեղական արտադրության կաթնամթերքի գնաճի վրա»,-մանրամասնել է նա, և հավելել, որ կառույցը ներկայումս ուսումնասիրում է տեղի ունեցած գնաճի չափի հիմնավորվածությունը` նշված տնտեսական պայմանների փոփոխության համատեքստում:

Ինչ վերաբերում է «Հաց» ապրանքային շուկային, վարչության պետի համոզմամբ՝ այն բավականին մրցակցային է, որտեղ առկա է միայն առևտրային ցանց ունեցող ընկերություն, որի գնաճը կազմել է 10 դրամ, ինչն էլ պայմանավորված է ալյուրի գների թանկացմամբ, որին հանգեցրել է Արցախում արտադրվող հացահատիկի կրճատումը և ներմուծվող, ինչպես նաև տեղական հացահատիկի գների աճը:

Չնայած հացամթերքի և կաթնամթերքի գների աճին, այս ապրանքատեսակները տեղական արտադրողների կողմից շարունակվում են իրացվել անհամեմատ ավելի էժան, քան ՀՀ-ում արտադրված տվյալ ապրանքատեսակները:

«Պետք է նաև նշել, որ հացի գնաճը տեղի է ունեցել ոչ բոլոր տնտեսավարող սուբյեկտների կողմից, իսկ կաթնամթերքի մասով` ոչ բոլոր տեսակների համար, օրինակ՝ առավել շատ իրացվող թթվասեր ապրանքատեսակի համար գնային փոփոխություն տեղի չեն ունեցել։ Ինչ վերաբերում է «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում տեղի ունեցող գնային փոփոխություններին, ապա կարող եմ ասել, որ ԱՀ-ում իրացվող վառելիքի իրացման գները ուղղակիորեն փոխկապակցված են ՀՀ գների հետ՝ հաշվի առնելով ներմուծումը: Նշված ապրանքատեսակների գների փոփոխությունները տեղի են ունենում ՀՀ գործող գներին համաչափ: Ներկայումս ուսումնասիրություն իրականացնում ենք և՛ հացի, և՛ ալյուրի, և՛ կաթնամթերքի շրջանառության ոլորտներում և ավելի մանրամասն տվյալները կամփոփվեն արդյունքներով ու կներկայացվեն հանրությանը»,-ասել է Հ. Ավթանդիլյանը։

Նա իրազեկել է, որ յուրաքանչյուր շաբաթ Հանձնաժողովի կողմից իրականացվում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մոնիթորինգ, որը հրապարակվում է Հանձնաժողովի կայքէջում և ֆեյսբուքյան էջում, որպեսզի սպառողները կարողանան ծանոթանալ իրականում գործող գների և դրանց փոփոխությունների հետ:

  • Կիսվել: