շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք․ Ռուբեն Վարդանյան

Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին:  Վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում  գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Խորհրդակցությանը բարձրացվել է նաև համայնքներ-վարչակազմ- նախարարություններ օպերատիվ կապի և արդյունավետ համագործակցության հարցը:

Ընդգծելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը  նշել է, որ միայն կարգապահ ու կազմակերպված աշխատանքով է հնարավոր դիմակայել նոր մարտահրավերներին: Այս իսկ պատճառով  վարչակազմի ղեկավարների հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցությունների մեխանիզմ է  ներդրվել, ինչը հնարավորություն է տալիս անձամբ նրանցից լսել իրավիճակի ու  հրատապ խնդիրների մասին:

Այցի ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը  հանդիպում է ունեցել նաև Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել  նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, քաղաքացիական պաշտպանությանը,  բնակարանային ապահովման խնդիրներին, դպրոցների, ճանապարհների վերանորոգմանը և այլն:

Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ պետնախարարը նշել է.  «հաստատման հնարավորությունը միայն մեր ուժի և համախմբվածության մեջ էԽաղաղության : Ոչ մի պայմանագիր չի կարող  լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք: Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»:

Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք:

«Իրավիճակն այսպիսին է:  Դրա դեմ  պետք է պայքարենք բոլոր միջոցներով: Այս իրականությունը մեզնից բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում՝ թե՛ խնդիրների ախտորոշման, թե՛ որոշումների կայացման, թե՛ ընդհանուր գործելաոճի հարցում: Մենք շատ լուրջ վտանգներ և մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ողջ հայության պայքարն է»:

  • Կիսվել: