ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ոչ մի դժվարություն չի կարող խանգարել մեզ ապրել հայրենի հողում». Կիչանի համայնքապետ

«Ոչ մի դժվարություն չի կարող խանգարել մեզ ապրել հայրենի հողում». Կիչանի համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքը 178 բնակիչ ունի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կիչանի համայնքապետ Արտո Հակոբյանը:

«44-օրյա պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Հովտաշեն համայնքից և Քաշաթաղի շրջանից տեղահանված 2 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 8 բնակչով: Քաշաթաղից տեղահանված ընտանիքին տրամադրված բնակարանը վերանորոգման կարիք ունի: Ազատ բնակֆոնդում 6 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Դպրոցում սովորում է 75 աշակերտ. ունենք դասասենյակների պակաս, դպրոցը սպորտդահլիճ չունի: Մանկապարտեզի շենք չունենք. բուժկետի երկու սենյակ սեփական միջոցներով եմ վերանորոգել, մի սենյակը ծառայոմ է որպես մանկապարտեզ, որտեղ հաճախում է նախադպրոցական տարիքի 10 երեխա, իսկ մյուս սենյակում տեղակայել ենք համայնքապետարանը: Նախատեսում ենք համայնքապետարանի նախկին շենքը վերանորոգել ու դարձնել մանկապարտեզ: Գյուղամիջյան ճանապարհներից 300 մետր սալապատել ենք, 150 մետրն էլ կսալապատենք։ Ունենք նաև հանդիսությունների սրահ: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայվ, ջրամատակարարմամբ, գազաֆիկացված չէ, բայց անհրաժեշտությունն, անշուշտ, զգացվում է»,- ներկայացրել է համայնքապետը:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմում 2 համագյուղացի է զոհվել, 1-ն էլ` վիրավորվել: Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ պատերազմից հետո շուրջ 20 հա. վարելահող անցել է թշնամու տիրապետության տակ, գյուղացիներին պատկանող խոշոր եղջրավոր անասունները շատ հաճախ անցնում են թշնամու տարածք և չեն վերադարձվում:

«Մարդիկ իրենց պատկանող հողակտորները մշակել են, սակայն սերմը չենք ցանել, քանի որ հնարավոր չէ հանգիստ մոտենալ այդ տարածքին. թշնամին շատ մոտ է մեզ: Ճիշտ է, հետպատերազմական շրջանում կան բազմապիսի խնդիրներ, սակայն մենք չենք ընկճվում, շարունակում ենք ապրել հայրենի եզերքում ու շենացնել այն»,- ընդգծել է Ա. Հակոբյանը:

  • Կիսվել: