երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Վիգեն Մովսեսյան

Նվիրումը` անմահություն... Վիգեն Մովսեսյան

2020 թվականի Արցախյան աշնանային պատերազմում իմացյալ մահով ընկան բազմաթիվ քաջորդիներ, որոնց համար հայրենիքի պաշտպանությունը դարձել էր գերնպատակ։ Նրանցից է փոխգնդապետ Վիգեն Մովսեսյանը։

Վիգեն Գեորգիի Մովսեսյանը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 26-ին, Հադրութ քաղաքում։ 1984-1995 թթ սովորել և ավարտել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1995 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության` տանկային գնդում, և ծառայել մինչև 1998 թվականը։

Նույն թվականին ստացել է լեյտենանտի կոչում։ Ծառայության ողջ ընթացքում դրսևորել է պատասխանատվության բարձր զգացում։ Ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվելուն պես` փոխգնդապետը մասնակցել է մարտերին` որպես 2-րդ ՀԳՄ հրամանատարի տեղակալ։ ՊԲ շարքերում երկարատև ծառայության և բանակաշինության գործընթացում մեծ ավանդ ներդնելու համար ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք պետական և գերատեսչական մեդալներով, թանկարժեք նվերներով ու պատվոգրերով:

«Որպես 2-րդ ՀԳՄ հրամանատար` 2020 թվականի պատերազմի առաջին իսկ օրվանից Վիգենն ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին: Որպես փորձառու սպա և արդեն իսկ երկու պատերազմների մասնակից՝ բոլորի համար վառ օրինակ էր հանդիսանում, իր մարտական ոգով ոգեշնչում էր զինծառայողներին և մշտապես գտնվում մարտի թեժ կետերում: Սեպտեմբերի 29-ին մարտական խնդիր կատարելիս թշնամու հետ երես առ երես մարտի պայմաններում դիպուկահարի կրակոցից նա հրազենային մահացու վիրավորում է ստացել»,-«Արցախպրես»-ի թղթակցին պատմել է հերոսի քույրը՝ Ժաննան:

Հերոս Վիգեն Մովսեսյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով:

  • Կիսվել: