ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Օնիկ Հովսեփյան

Նվիրումը` անմահություն... Օնիկ Հովսեփյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի ընկան բազում քաջորդիներ։ Նրանցից է մարտունեցի հերոս Օնիկ Հովսեփյանը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Օնիկի քույրը՝ Վեհանուշ Հովսեփյանը, կարոտով ու, միևնույն ժամանակ, մեծ հպարտությամբ է խոսում եղբոր հերոսական ուղու մասին։Օնիկը ծնվել է 1989 թվականի հունվարի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում։ Սովորել է Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում, զուգահեռ` հաճախել է Մոնթեաբերդի Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց. այն ավարտել է գերազանցությամբ։ Այնուհետև ընդունվել է ԱրՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության Մարտունու շրջանային բաժնում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Չնայած աշխատանքային փորձ չուներ, բայց կարճ ժամանակում կարողացել էր տիրապետել իր գործին։ Բաժնի աշխատակիցներն անչափ սիրում ու հարգում էին Օնիկին։ Ասում էին` շատ դաստիարակված է, պատասխանատու, ճշտապահ, զգայուն ու հոգատար։ Օգնության ձեռք էր մեկնում բոլորին, մանավանդ` այն մարդկանց, ովքեր սոցիալապես վատ վիճակում էին. հոգատար էր, ընկերասեր, ազնիվ, բարեսիրտ։ Օնիկը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին։ Հենց առաջին օրվանից էլ կամավորագրվել էր և իր ընկերների հետ մեկնել ճակատ։ Նա այլոց նման չնախընտրեց տաքուկ անկյուններ, այլ հայրենիքի շահը վեր դասեց ամեն ինչից։ Իրենից կախվածն արեց իր նվիրվածությամբ։ Շատ էր սիրում ընտանիքը. նրա համար մեր ընտանիքն իր հպարտությունն էր, ուրախությունը։ Ցանկացած գործ նախաձեռնելիս անպայման կիսվում էր մեզ հետ։ Երազում էր Արցախը հարատև ազատ և անկախ տեսնել։ Ասում էր՝ այնքան արյուն է թափվել Արցախյան պատերազմի ժամանակ, մարդկանց ճակատագրեր են խեղվել... Օնիկը հավերժ ներկա է մեզ համար։ Ոչ մեկս չի ընդունում, որ նա ֆիզիկապես մեզ հետ չէ: Նրա մասին անցյալով երբեք չենք խոսում: Եղբայրս հայրենիքին արժանի նվիրյալ զավակ էր»,-պատմել է Վ. Հովսեփյանը։ Երբ սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Օնիկն ընկերների հետ անմիջապես կամավորագրվեց։ «Պատերազմի առաջին իսկ օրերից Օնիկը Մարտունիում էր։ Նրան 5 օրով արձակուրդ էին տվել, բայց չի օգտվել, ասել է.«Որ բոլորս դուրս գանք, ով է պահելու մեր հայրենիքը»։ Ընկերները նրան «հրամանատար» էին ասում, որովհետև պատերազմի ժամանակ` դժնդակ պահերին, կարողանում էր ճիշտ կողմնորոշվել։ Նոյեմբերի 9-ին` ծննդյանս օրը, զանգեց, ասաց.«Թուրքերը եկել են, որ մեր տարածքում իբրև դրոշ տեղադրեն, ես ու իմ ընկերները ետ ենք շպրտել, դե, դա էլ քո ծննդյան նվերը։ Ես քեզ ամենալավ բաներն եմ ցանկանում»։ Լույսը բացվեց, ինչքան ես ու մեծ եղբայրս զանգում էինք, Օնիկը չէր պատասխանում։ Միայն ժամեր անց մեզ տեղեկացրին, որ նա հերթական թեժ մարտի ժամանակ անմահացել է... Եռաբլուրը մեզ համար դարձավ սրբատեղի»,-պատմում է քույրը։

Բնութագրությունը հասանալի չէ2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, պահեստազորի շարքային Օնիկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Հերոսը ծննդյան 33-ամյակին ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից պարգևատրվել է նաև «Մոնթե Մելքոնյան» մեդալով։ Օնիկի հարազատ եղբոր` Սիմոնի և հերոսի ընկերների նախաձեռնությամբ Մարտունիում նրա հիշատակին հուշաղբյուր է կառուցվել և խաչքար տեղադրվել։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: