երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միակն է, որից մենք այսօր կառչած ենք․ Էդմոն Մարուքյան

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միակն է, որից մենք այսօր կառչած ենք․ Էդմոն Մարուքյան

Արցախի շրջափակման օրերի ընթացքում Հայաստանին հաջողվել է կոնսոլիդացված միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին Հանրային եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ գնահատելով Եվրախորհդարանի ընդունած բանաձեւն Արցախի շրջափակման վերաբերյալ։

«Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ նույն կարգավիճակով Լաչինի միջանցքը չբացվի, բայց մենք էլ անում ենք ամեն ինչ, որ այդ ճնշումը կոնսոլիդացված լինի։ Մենք ունենք Եվրոպական ամենաբարձր օրենսդիր մարմնի ընդունած բանաձեւերը, եւ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Մեր ունեցած արդյունքներից գոհ ենք, վերջնական գոհ կլինենք, երբ ճանապարհը բացվի, եւ երբ Ադրբեջանը գա մի այնպիսի դաշտ բանակցային գործընթացում, որ հասկանա՝ միայն իր պահանջները չեն, որ պետք է թուղթ ու թանաքի վերածվեն։ Պետք է ներկայացվեն այնպիսի մոտեցումներ, որոնք հասկանալի եւ ընդունելի կլինեն։ Ադրեբեջանը պետք է օր առաջ բացի Լաչինի միջանցքը եւ գա բանակցությունների, որովհետեւ դրա այլընտրանքային տարբերակն ավելի է սրում իրավիճակը, եւ այդ ուղղությամբ ենք մենք աշխատում»,- նշեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանը ծանրացած է ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով, եւ պարզ է, որ մեր տարածաշրջանի վերաբերյալ որեւէ փաստաթղթում պետք է նշվի ռուսական ազդեցությունը։

«Ասում են՝ եթե պատասխանատվություն են ստանձնել, բա ո՞նց է միջանցքը փակ։ Այդ հայտարարությունների մեջ վերցված են նաեւ մեր մոտեցումները՝ եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց վերապահված պարտավորությունները կատարել, ազատել Լաչինի միջանցքը, ապահովել նախկին ստատուսը, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրում Ռուսաստանը կարող է դիմել միջազգային խաղաղապահի մանդատի համար։ Իսկ թե սահմանված հինգ տարի ժամկետից, ինչ խաղաղապահ ուժեր կգան այդտեղ, շատ լավ է, որ քննարկման առարկա է այս պահից, այլ ոչ թե փաստի առջեւ ենք կանգնում վերջին պահին։ Կարեւոր է նաեւ, որ նոյեմբերի 9- փաստաթուղթը միակն է, որից մենք այսօր կառչած ենք, որովհետեւ կարողանում ենք միջազգային ճնշում կոնսոլիդացնել՝ Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն, բայց չեն կարողանում պահել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մի կողմ դնել չենք կարող, դա մի ճարտարապետություն է, որի քանդվելու պարագայում մենք այլընտրանք ունենանք»,- ընդգծեց Մարուքյանը։

  • Կիսվել: