հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նոր բնակարանամուտ Արցախում՝ տեղահանվածների համար (լուսանկարներ)

Նոր բնակարանամուտ Արցախում՝ տեղահանվածների համար (լուսանկարներ)

Նոր բնակարանամուտ Արցախում՝ տեղահանվածների համար: Այս վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երեկ Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել ենք Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:

Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոշխմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիքներ առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները, իսկ բնակավայրում պետական միջոցներով կառուցվող տների ընդհանուր թիվը 130 է:

Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը: Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական:

Բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով:

Շնորհակալություն շինարարներին, բնակարանային հարցերի կոմիտեի թիմին՝ այս ծրագիրը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար, և շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս բոլոր շահառուներին՛՛:

 

  • Կիսվել: