երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նման հայտարարություններն Արցախի դեմ ուղղված՝ Ադրբեջանի ղեկավարության ահաբեկչական գործողությունների դրսևորումներն են. ԱՀ ԱԺ պատգամավոր

Նման հայտարարություններն Արցախի դեմ ուղղված՝ Ադրբեջանի ղեկավարության ահաբեկչական գործողությունների դրսևորումներն են. ԱՀ ԱԺ պատգամավոր

Այսօր Ադրբեջանի Հանրապետության դատախազությունը հայտարարություն էր տարածել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ամենակարճ ժամկետում ձերբակալելու և քրեական պատասխանատվության կանչելու մտադրության վերաբերյալ:

Թեմայի շուրջ «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը նշել է, որ այդ և նմանատիպ հայտարարությունները Արցախի Հանրապետության և նրա բնակչության դեմ ուղղված՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ահաբեկչական գործողությունների հերթական դրսևորումներն են, որոնք կոչված են Արցախում հայի ազատ ապրելու և արարելու իրավունքը ոտնահարելուն, Արցախի բնակիչներին ահաբեկելուն, Արցախում և դրանից դուրս ազատ տեղաշարժվելու արցախցիների իրավունքը վերահսկելի, իսկ սեփական սանձարձակությունն անգերազանցելի ներկայացնելուն:
 
«Ադրբեջանի իրավապահ մարմիններին խորհուրդ կտանք առավել շատ մտահոգվել 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված ու արցախցիների նկատմամբ իրագործված՝ քաղաքակիրթ աշխարհում այլևս նախադեպը չունեցող պատերազմական հանցագործությունների, վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ խաղաղ ու անզեն անձանց ցուցադրական գլխատման, խոշտանգման, անդամահատման, մշակութային ու պատմական արժեքները վերացնելու և ոչնչացնելու գենետիկ արտահայտում ստացած դեպքերի, հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվող գյուղաբնակ անձանց ցինիկաբար սպանելու, քնած ծերերին, կանանց ու երեխաներին թիրախավորելու արարքների քննության արդյունքներով, որովհետև որքան էլ փորձեք կեղծել, ստել, խեղաթյուրել ու մոլորեցնել աշխարհին, միևնույն է, մի օր արդարադատությունը հաղթելու է և բոլորը կանգնելու են դատաստանի առջև»,- ասել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: