հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՆԳՆ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

ՆԳՆ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

2022 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 32 հաղորդում, որից 24-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկանության ծառայողների շուրջօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 23-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված 6 դեպքերը, խարդախություն բնութագրմամբ և շրջանառությունն արգելված թմրամիջոցների աճեցման և իրացման մեկական դեպքերը:
 
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ՃՏՊ դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, որից 18-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական:
Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 23 դեպք, 13 վարորդ եղել է անսթափ վիճակում, 237-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Շաբաթվա ընթացքում Ոստիկանության ծառայողները վերահսկել են Վերածննդի հրապարակում նախաձեռնած խաղաղ ցույցերի ընթացքը:
 
Սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ճանապարհային ոստիկանությունն անց է կացնելու «Ուշադրությո՛ւն երեխաներ են» ամենամյա միջոցառումը, որը միտված է պահպանելու հասարակական կարգն ու անվտանգ երթևեկությունը:
 
Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ սեպտեմբերի 2-ին կազմակերպված երթի ու հանրահավաքի խաղաղ ընթացքն ապահովել են ներքին գործերի նախարարության ոստիկանության և փրկարար ծառայողները:
 
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և Հանրապետությունում կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ՝ ոստիկանության ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
 
Հետադարձ կապ՝ 1-02։

  • Կիսվել: