հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՆԳ նախարարը հակասական է համարում անհետ կորած զինծառայողների թվի վերաբերյալ ենթադրությունները

ՆԳ նախարարը հակասական է համարում անհետ կորած զինծառայողների թվի վերաբերյալ ենթադրությունները

Անհետ կորած զինծառայողների վերաբերյալ՝ հատկապես ենթադրությունների մակարդակով հնչում են թվեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Հայրենիքի համար նահատակվածների և անհետ կորածների օրվա կապակցությամբ, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար, Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը:
 
«Տվյալները հակասական են: Զինադադարից անմիջապես հետո, իմ անմիջական նախաձեռնությամբ Ստեփանակերտում ստեղծեցինք օպերատիվ շտաբ և հավաքագրեցինք անհետ կորած զինծառայողների տվյալները: Մեր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված զինծառայողների աճյունների տարհանման արդյունքում անհետ կորած զինծառայողների մասին տեղեկության սպասողների թիվը նվազել է»,-ասաց Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ մինչ այսօր հայտնաբերված 1586 աճյունները մեծամասամբ անհետ կորած զինծառայողների ցուցակի անուններ են:
 
Նրա հավաստմամբ՝ Ադրբեջանական հսկողության ներքո գտնվող տարածքներից հայ զինծառայողների աճյունների տարհանման, ինչպես նաև գերիների ու պատանդների վերադարձման գործընթացում, Արցախի Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած փորձության՝ նույնիսկ հակառակորդի  միջանձնային և էթնոազգային վատ հարաբերությունների ու վերաբերմունքի առկայության պարագայում: Այս մասին «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
 
«Եթե անկեղծ լինեմ, որոնողական աշխատանքների առաջին օրերին, ադրբեջանցիների կողմից նկատվել է ակնհայտ թշնամական վերաբերմունք: Այնուհետև, երբ արդեն հաճախակի են դարձել հանդիպումները, այդ հարաբերություններում փոփոխություն է եղել, որը միայն օգուտ է տվել մեր աշխատանքին»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը:
 
Անդրադառնալով այս տարվա ապրիլից իր նախագահությամբ գործող Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքներին,  Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը օրակարգային գլխավոր խնդրի լուծման ուղղությամբ:
 
«Գերիների, անհետ կորած զինծառայողների, կամավորների և պահեստազորայինների որոնման ու վերադարձման խնդիրները մեր գործունեության գլխավոր օրակարգում են: Այդ ուղղությամբ մենք գործադրում ենք բոլոր ջանքերը: Սակայն, պետք է նշեմ, որ գործընթացն ունի լուսաբանված և չլուսաբանված կողմ: Ընդ որում՝ չլուսաբանված կողմում արվածն ավելի շատ է: Սա յուրաքանչյուրիս համար հոգեբանական առումով թերևս ամենածանր թեման է: Աշխատանքը նույնքան ծանր ու դժվար է»,-մանրամասնեց հանձնաժողովի նախագահը:
 
ՆԳ նախարար Սարգսյանի խոսքով, գերիների, պատանդների և անհետ կորածների, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում աճյունների որոնումների իրականացման հարցերով՝ իր ղեկավարած հանձնաժողովը լայն  ու բազմաբովանդակ համագործակցություն է ձևավորել:
 
«Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը ակտիվ համագործակցում է ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի, Արցախի պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ»,-ասաց Կարեն Սարգսյանը՝ արդյունավետ գնահատելով համատեղ կատարված աշխատանքը: Այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահը դեռևս վաղ է համարում արդյունքներին անդրադառնալը:

  • Կիսվել: