ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն Արցախի գործընկերների հետ քննարկել է արցախահայության բնակապահովմանն առնչվող հարցեր

Նարեկ Մկրտչյանն Արցախի գործընկերների հետ քննարկել է արցախահայության բնակապահովմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության բնակապահովման, սոցիալական աջակցության գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք մանրամասներ։

Անդրադառնալով արցախահայության կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությանը՝ կողմերն ընդգծել են արցախցիների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների և վերապատրաստումների կազմակերպման դերը։

Եվս մեկ անգամ կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդումը՝ Նարեկ Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նախատեսվող ծրագրերը ևս արդյունավետ կլինեն ոլորտի զարգացման գործում։

Այս համատեքստում արցախցի գործընկերները շեշտել են նախարարության հետ համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ միաժամանակ նշելով ուսումնասիրությունների և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակում ընթացք տալ Արցախի Հանրապետության համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև արցախցի ընտանիքների կարիքների գնահատման համակարգի մշակմանը։

  • Կիսվել: