ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախատեսվում է Արցախում չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչներին 5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ

Նախատեսվում է Արցախում չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչներին 5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ

ԱՀ Կառավարության կողմից 2022թ. մարտի 16-ին ընդունվել է «Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող բնակիչ- բաժանորդների համար արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տրամադրման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 266-Ա որոշումը:

 

Ծրագրի նպատակն է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ կրճատել բնակչության էներգետիկ ծախսերը:
Ծրագրով նախատեսվում է ԱՀ չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող, բացառությամբ բազմաբնակարան շենքերում, բնակիչ- բաժանորդներին, 5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ, այն պայմանով, որ արևային ջրատաքացուցիչի ձեռքբերման և տեղադրման ծախսերի կեսը մարում է բնակիչ-բաժանորդը, իսկ մյուս կեսը՝ կսուբսիդավորվի պետության կողմից: Ընդ որում ծրագրի շահառու ճանաչված բնակիչ-բաժանորդներին հնարավորություն է ընձեռնվում համակարգի արժեքի 50%-ը մարել ինչպես կանխիկ, այնպես էլ վարկային միջոցների ներգրավմամբ՝ «Ֆիդես» ֆինանսավարկային ընկերության միջոցով:

 

Ծրագրով սահմանված է, որ ջրատաքացուցիչի աշխատանքային ծավալը պետք է համապատասխանի ընտանիքների անդամների քանակին, հետևյալ հաշվարկով.
ա) մինչև 5 հոգի՝ առավելագույնը 250 լիտր,
բ) 6 և ավելի հոգի՝ առավելագույնը 360 լիտր:
Արևային ջրատաքացուցիչներ ձեռքբերելու ցանկություն ունեցող բնակիչ բաժանորդները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնում են հայտ՝ համաձայն ծրագրով սահմանված ձևի, ընդ որում «այլ տեղեկություններ» պարբերությունում նշելով վճարման եղանակը (կանխիկ կամ ապառիկ)՝ կցելով ընտանիքի անդամների կազմի մասին տեղեկանքը, բնակելի տան սեփականության իրավունքի վկայականի, անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի պատճենները, իսկ Ստեփանակերտ քաղաքում չգազաֆիկացված հատվածներում (Արեշ և Աջափնյակ թաղամասեր, Բ.Ուլուբաբյան փակուղիներ, Վ.Բարեպաշտ փող.) բնակվող բնակիչ-բաժանորդները հայտերը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնում են ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովին: Տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացված հայտերը ամփոփում և ներկայացնում են հանձնաժողովին:
Հանձնաժողովը և ֆինանսավարկային ընկերությունը համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրութան հիման վրա տալիս են եզրակացություն՝ հայտատուներին ծրագրի շահառու ճանաչելու կամ մերժելու վերաբերյալ:
Նախարարության, մատակարարի և շահառուի միջև կնքվում է եռակողմ մատակարարման պայմանագիր, որի հիման վրա իրականացվում են արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աշխատանքները:

Հայտերի ներկայացման կամ մանրամասն տեղեկությունների համար դիմել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժին՝ ԱՀ, ք.Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց շենք 1, 111 սենյակ, հեռ. 047 97 52 88:

  • Կիսվել: