կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նախագիծը ոչ միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ է պայմանավորված, այլ հաշվի է առնվել՝ ՌԴ-ում բնակվող արցախցի մեր հայրենակիցների խնդրանքը եւս. ԱՀ ԱԺ նախագահ

Նախագիծը ոչ միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ է պայմանավորված, այլ հաշվի է առնվել՝ ՌԴ-ում բնակվող արցախցի մեր հայրենակիցների խնդրանքը եւս. ԱՀ ԱԺ նախագահ

Վերջին օրերին հանրային լայն քննարկման, շահարկումների առիթ է դարձել Ռուսերեն լեզվին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ շրջանառվող նախագիծը, ովքե՞ր են դեմ այս նախագծին, ի՞նչ է այն իրենից ենթադրում իրականում:

Այս ինչպես նաեւ ԱՀ ԱԺ երկու խմբակցությունների պատգամավորների՝ վերջին շրջանում սրված հարաբերությունների պատճառների մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով վերը նշված նախագծին մանրամասն ներկայացրեց.
 
-Գիտեք, որ ըստ Արցախի Սահմանադրության 20-րդ հոդվածի, որը բաղկացած է երկու կետից՝ առաջին կետով  Արցախի հանրապետության պետական լեզուն հայերենն է: Եվ երկրորդ, Արցախի հանրապետությում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածումը:  Այսինքն այսօր սահմանադրության փոփոխության հարց դրված չէ: 
 
Միեւնույն ժամանակ, եկեք չմոռանանք, որ դեռեւս մի քանի ամիս առաջ ականատես եղանք 44-օրյա արյունոտ աշնան, որի հետեւանքները դեռ երկար՝ շատ երկար ենք մեր մաշկի վրա զգալու: Եկեք չմոռանանք, որ նաեւ, որ այդ պատերազմը կանգնեցվեց նաեւ մեր ռուս գործընկերների շնորհիվ: Այսօր արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ մեր բանակի հետ միասին ռուս խաղաղապահներն են: Մենք ունենում ենք հանդիպումներ ռուս խաղաղապահների հետ, որոնց հետ շփման ժամանակ գործածում ենք ռուսերեն լեզուն: Եվ, գիտեք, իրենք պարտավոր չեն ե՛ւ մեր անվտանգությունը ապահովվել ե՛ւ մեր լեզուն սերտել: Այդ իսկ պատճառով ԱԺ երեք պատգամավորները տարբեր խմբակցություններից հանդես են եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ՝ ռուսաց լեզուն, որպես պաշտոնական լեզու գործածելուն ուղղված: Կարող եմ այս պահին ասել հետեւյալը միայն՝ ես առաջարկել եմ համահեղինակներին, որպեսզի լսումներ անցկացվեն: Իհարկե, նախագիծը միանշանակ չի ընդունվում հանրության կողմից: Ինչ խոսք արցախցին սիրով եւ շնորհակալությամբ ընդունեց ռուս խաղաղապահներին, եւ այնպես չէ, որ արցախցու համար այս նախագծի կյանքի կոչելը որեւէ խնդիր է:
 
Կարեւորում եմ նաեւ այն, որ այս նախագիծը ոչ միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ է պայմանավորված, այլեւ Դուք գիտեք, որ մի քանի անգամ ավելի շատ արցախցիներ ապրում են ՌԴ-ում քան, Արցախում: Այնպես որ այս խնդիրն էլ են հաշվի առել վերը նշված պատգամավորները իրենց նախաձեռնությում: Եվ, ըստ էության հիմնավորումը տանել կապել միայն այն հանգամանքով, որ ռուս խաղաղապահների ներկայությունն է միայն ռուսերենին նման կարգավիճակ տալը՝ սխալ է: Կրկնում եմ, որ նախագծի համախեղինակները հաշվի են առել նաեւ այն արցախցիների խնդրանքը, որոնք ապրում են մեր եղբայրական Ռուսաստանի դաշնությունում:
 
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Արցախի սուբյեկտայնությունը պայմանավորված է մայր Հայաստանով եւ սփյուռքով եւ որեւէ մեկը չի կարող մեզ կտրել ՀՀ-ից եւ սփյուռքից: Մենք միասնաբար պետք է անենք հնարավորը , որպեսզի մենք որուէ խնդիր ԵԱՀԿ Մինսկի համանախանագահների հովանու ներքո տարվող բանակցություններում՝ չունենանք: Որովհետեւ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության սահմաններում:
 
-Պարոն Թովմասյան, կա՞ն խմբակցություններ, առանձին պատգամավորներ, ովքեր կտրականապես դեմ են այս նախագծին:
 
-Առայժմ կարող եմ պաշտոնապես ասել հետեւյալը. դեռ ոչ մի խմբակցությունը իր տեսակետը չի արտահայտել, չի եղել գլխադասային հանձնաժողի նիստը: Ես ուզում առիթից օգտվելով ասել, որ ես իմ բոլոր քաղաքական ելույթները, հարցազրույցները տալիս եմ բացառապես հայերեն այդպես էլ շարունակվելու է, քանի որ Արցախի պետական լեզուն հայերենն է եւ այն սակարկելի չէ: Մենք ՀՀ-ի հետ նույն օրգանիզմի տարբեր մասերն ենք: 
 
-Պարոն Թովմասյան, ի դեպ ի՞նչ հեռահար փոխրհաձգություններ են տեղի ունենում «Միասնություն» եւ  «Արդարություն» խմբակցության պատգամավորների միջեւ:
 
-Անկեղծ ասած չեմ կարող ասել՝ տեղյակ չեմ: Իսկ ընդհանուր առմամբ խորհրդարանն այն տեղն է, որտեղ վիճաբանությունը, կարծիքների հակադրությունը նորմալ երեւույթ է:
 
-Այ'ո, խորհրդարանը պարոն Թովմասյան, բայց այդ վեճերը արդեն հրապարակային բնույթ են կրում:
 
-Ես մի առիթով ասել եմ, որ Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների մոտ հայրենասիրության պակաս չկա, բայց այ արհեստավարժության պակաս՝ կա:

  • Կիսվել: