շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մուշկապատցիները խճապատել են ներհամայնքային ճանապարհները, գյուղը գազաֆիկացման կարիք ունի. համայնքապետ

Մուշկապատցիները խճապատել են ներհամայնքային ճանապարհները, գյուղը գազաֆիկացման կարիք ունի. համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքն ունի 270 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ վերադարձել են հայրենի եզերք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մուշկապատի համայնքապետ Ռուբեն Մուսայելյանը:

«Գյուղում վերաբնակեցվել է 1 ընտանիք Շուշիից: Մեկ տուն արդեն վերանորոգվել է, երկուսի բարեկարգման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, որպեսզի տրամադրենք տեղահանված ընտանիքներին: Դպրոցն ունի 43 աշակերտ, որը վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Մանկապարտեզ չունենք. բայց մանկապարտեզի ենթակա 35 սան ունենք:

Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, 160 նստատեղ ունեցող ակումբ, գրադարան, որը համալրված է անհրաժեշտ գրականությամբ. հանդիսությունների սրահ չունենք: Գյուղում է գտնվում 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը պետական միջոցներով և բարերարի աջակցությամբ վերանորոգվել է 2017 թվականին: Գյուղամիջյան ճանապարհները մեր ունեցած միջոցներով խճապատել ենք, բայց երբ սելավները սկսվեն , տեղաշարժվելն անհնար կլինի:

Ամառային շրջանում ունենք ջրի խնդիր. 6-րդ օրն է՝ ջուր չունենք, եղածի դեպքում էլ օրական կես ժամով ենք ջուր ստանում։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն անհրաժեշտությունը զգացվում է»,- նշեց Ռ. Մուսայելյանը։

Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում գյուղը տվել է 2 զոհ. 4 համագյուղացիներ էլ վիրավորվել են: Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ, ոմանք էլ զբաղվում են մեղվաբուծությամբ. գյուղում կա 100 մեղվաընտանիք:

  • Կիսվել: