երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մտքի ծայրում միշտ կա հույս, որ Արցախը վերադարձվելու է հային. Արցախի ՄԻՊ

Մտքի ծայրում միշտ կա հույս, որ Արցախը վերադարձվելու է հային. Արցախի ՄԻՊ

Ես չեմ հավատում, որ այն հասարակությունը, որը 30 տարի շարունակ պայքարել է Արցախի համար, մեկ օրում որոշեց, որ այդ հարցն այլևս իր համար գոյություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Դա պարզապես չի կարող պատահել։ Ճնշող քարոզչություն է իրականացվում պետական մակարդակով, բայց դա չի վերացնում մարդկանց ներսում նստած Արցախի նկատմամբ պահանջատիրությունը»։

Ստեփանյանի խոսքով՝ Արցախ վերադարձի ձգտումը չպետք է մնա միայն որպես անհատական երազանք․ այն պետք է դառնա համազգային օրակարգ: «Այդ հույսով արցախցիները չպետք է մենակ մնան։ Դա պետք է դառնա համայն հայության հարցը, հատկապես սփյուռքի երիտասարդության համար, որը պետք է հավատարիմ մնա Արցախ վերադառնալու գաղափարին»,-ասաց նա:

Արցախի ՄԻՊ-ը բարձր է գնահատեց Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ՝ միջազգային վերահսկողության ներքո։

«Շատ կարևոր է, որ բանաձևում ընդգծվում է վերադարձի իրավունքը։ Սա նաև աջակցություն է Շվեյցարիայում գործող ԼՂ խաղաղության նախաձեռնությանը։ Մենք պետք է շարունակենք պայքարել այս ուղղությամբ։ Փոխելու բան չկա, միայն պետք է հուսավառել մարդկանց, որ վերադարձը հնարավոր է։ Ես իմ շրջապատում չեմ տեսել մարդկանց, ովքեր ամբողջությամբ հրաժարվել են Արցախից։ Մտքի ծայրում միշտ կա հույս, որ Արցախը վերադարձվելու է հային»,-ասաց Ստեփանյանը:

  • Կիսվել: