երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային հանրությունը պետք է կասեցնի Արցախում հայկական ժառանգությունը կեղծելու կամ ոչնչացնելու ամեն մի փորձ․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Միջազգային հանրությունը պետք է կասեցնի Արցախում հայկական ժառանգությունը կեղծելու կամ ոչնչացնելու ամեն մի փորձ․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և կասեցնի Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը կեղծելու, խեղաթյուրելու կամ ոչնչացնելու ցանկացած փորձ։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսից Եվրախորհրդարանի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը ՝ անդրադառնալով Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացնելու և ինքնությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց հայտարարությանը։

"Միջազգային հանրությունը պետք է սկսի գործել հիմա:  Մենք պետք է դատապարտենք և կանխենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը կեղծելու, խեղաթյուրելու կամ ոչնչացնելու ցանկացած փորձ", - գրել է Պապադակիսը։

Իր հերթին՝ Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Պետեր վան Դալենն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն ։ "Ադրբեջանը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից ։ Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսը (Եվրոպական խորհրդարանի անդամ) և Սիլվի Գիյոմը (Եվրոպական խորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այդ մշակութային ցեղասպանությունը", - գրել է նա։

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտնել էր, որ ԱՀ-ում արդեն ձեւավորվել է ալբանացի պատմաբանների եւ ճարտարապետների այսպես կոչված աշխատանքային խումբը, որի "խնդիրը լինելու է կեղծ հայկական հետքերը վերացնել" Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: Հայաստանում անտեսվել է ադրբեջանական կողմի այս հաղորդագրությունը, որն ուղղված է վերոնշյալ տարածքներում հայկական ժառանգության լիակատար ոչնչացմանը: Միայն փետրվարի 8-ին, այն բանից հետո, երբ Հայաստանի երկու տասնյակից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից) պահանջեցին անհապաղ արձագանքել և ՄԱԿ-ի Միջազգային դատարանին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի իշխանությունների գործողությունների մասին, հետևեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության անատամ հայտարարությունը:

  • Կիսվել: