երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախը ՀՀ-ին կապող միջանցքի փակմանը․ ԱՀ ՄԻՊ

Միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախը ՀՀ-ին կապող միջանցքի փակմանը․ ԱՀ ՄԻՊ

Միջազգային ազդեցիկ իրավապաշտպան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House), «Հյումն ռայթս ուոթչ» (Human Rights Watch), «Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) կազմակերպությունները անդրադարձել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող (Լաչինի) միջանցքի դիտավորյալ փակմանը և Արցախի շրջափակմանը՝ հորդորելով Ադրբեջանին բացել միջանցքը և ապահովել մարդկանց իրավունքները։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով կառույցների հայտարարությունները․

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին։ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի ՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակումը։ Մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին և 2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում տեղաշարժի ազատությունը ապահովելու համար»,֊ասված է «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպության հայտարարության մեջ։

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների: Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու ազատ տեղաշարժը և մարդկանց հասանելիությունը կենսական ապրանքներին և ծառայություններին։ Որքան երկար տևի կենսական ապրանքների և ծառայությունների խափանումը, այնքան մեծ է վտանգը քաղաքացիական անձանց համար»,֊ նշվում է «Հյումըն ռայթս ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մնացել է առանց կենսական նշանակության ապրանքների և ծառայությունների հասանելիության։ Տուժող անձանց ազատ տեղաշարժը և տնտեսական ու սոցիալական իրավունքները պետք է երաշխավորվեն»,֊ նշում է «Ամնեսթի Ինթերնեշընըլը» (Amnesty International)։

Մարդու իրավունքների պաշտպանն ամենօրյա պարբերականությամբ տեղեկատվություն է փոխանցում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ակնկալելով նրանց գործուն ներգրավվածությունն ու աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում։

  • Կիսվել: