շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միասնությամբ կարելի է դիմակայել ցանկացած անվտանգային մարտահրավերի. Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար

Միասնությամբ կարելի է դիմակայել ցանկացած անվտանգային մարտահրավերի. Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար

Արցախի և Հայաստանի առջև ծառացած ցանկացած անվտանգային մարտահրավերի կարելի է դիմակայել միայն միասնական ջանքերով:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կայացած մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք է հայտնել է ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ կատարած այցի և հանդիպումների ընթացքում իր աջակցության պատրաստակամությունն է հայտնել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած հայրենակիցներին: Բանախոսը փաստում է, որ արցախցիների համար Ջերմուկը, Գյումրին և Մայր հայրենիքի մյուս բնակավայրերը նույն նշանակությունն ու կարևորությունն ունեն, ինչպես Ստեփանակերտը, Մարտակերտը:

Անդրադառնալով Արցախի ապագային, կարգավիճակի խնդրի լուծման հնարավորություններին, Ա. Մոսիյանը, կարևորելով համախմբումն անելիքների շուրջ, ընդգծել է, որ ԱՀ ԱԺ խորհրդարանում ձևավորվել է միասնական տեսակետ: «Խորհրդարանական մեր բոլոր խմբակցությունները, անշուշտ,շարունակելու են միակամ լինել խնդիրների լուծման շուրջ համախմբման հարցում, որովհետև այդ միասնականության մեջ մենք կարող ենք փրկել այն,ինչ մնացել է և հասնել մեր նպատակին»,-հավելել է Ա.Մոսիյանը:

  • Կիսվել: