ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի կեղծեք պատմությունը․ Վահրամ Աթանեսյանի կոչը Մայիլյանի և Բաբայանի կողմնակիցներին

Մի կեղծեք պատմությունը․ Վահրամ Աթանեսյանի կոչը Մայիլյանի և Բաբայանի կողմնակիցներին

Արցախում նախընտրական շրջան է: Նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանի աջակիցները սոցիալական ցանցերում մի քարոզչակաղապար են ներդրել, երեի թե՝ ոչ առանց արտաքին խորհրդատուների, ըստ որի՝ Մայիլյան-Բաբայան տանդեմը մարմնավորում է ուժի եւ խելքի միասնություն, գրում է վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։

«Նախ ասենք, որ դա, թերեւս, նրանց հասցեին ամենավիրավորական բնութագրումն է, որովհետեւ մեկի մոտ բացառում է ուժը (քաղաքական կամքը), մյուսի մոտ՝ խելքը: Եւ թե հաջողության դեպքում ինչպե՞ս են ուժն ու խելքը միավորվելու՝ հարցը մնում է բաց: Բայց դա իրենց՝ դաշինք կազմած գործիչների խնդիրն է: Մեզ ավելի հուզում է պատմության ամենակոպիտ նենգափոխումը, որ թույլ են տալիս նրանց աջակիցները: Նրանք բացառապես Բաբայանին են վերագրում Արցախի ինքնապաշտպանության կազմակերպումը, պատերազմում ունեցած հաջողությունները, իսկ Մայիլյանին՝ դիվանագիտական ձեռքբերումները: Ո՞րն է իրականությունը: Արցախում զինված ինքնապաշտպանության կազմակերպման գործում առաջին լուրջ դերակատարը Սերժ Սարգսյանն է: Նա է գլխավորել Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: Իսկ առհասարակ բանակը կայաացել է շնորհիվ պրոֆեսիոնալ զինվորականների:

Այդ մարդկանց անունները հայտնի են: Նրանք Հայաստան, ապա եւ Արցախ են տեղափոխվել Ռուսաստանից՝ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բորիս Ելցինի փոխադարձ պայմանավորվածությամբ: Սամվել Բաբայանը, հիմնականում քաղաքական նկատառումներով, մյուս դաշտային հրամանատարներից առանձնացվել եւ ընդգծված դերակատարություն է ստացել 1992թ. աշնանը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կազմավորման եւ դրանից բխող քայլերի համատեքստում: Հետագա բոլոր ռազմագործողությունները, ինչպես նաեւ մինչ այդ Շուշիի ազատագրումն ու Լաչինի միջանցքի բացումը, մշակվել են ԶՈՒ Գլխավոր շտաբում:

Ոչ ոք չի ուրանում Սամվել Բաբայանի ներդրումը, նրա ծառայությունները, բայց ռազմական բոլոր հաջողությունները վերագրել միայն նրան՝ իրողության նենգափոխում է: Ինչ վերաբերում է նույն տարիների դիվանագիտական ձեռքբերումներին, ապա դրանք քաղաքական առումով նախապատրաստել է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ,,սեւ աշխատանքը,,՝ կատարել Արկադի Ղուկասյանը: Փառք աստծո, առկա է ահռելի փաստական նյութ, ցանկացողները կարող են համացանցում ծանոթանալ դեսպան Ստուպիշինի եւ Կազիմիրովի հուշերին: Նախընտրելի թեկնածուին եւ քաղաքական ուժին աջակցելու, քարոզելու իրավունք բոլորն ունեն: Պարզապես անթույլատրելի է քաղաքական նկատառումներով կեղծել ոչ հեռավոր անցյալի պատմությունը: Մարդկանց հիշողությունն այնքան կարճ չէ, որքան թվում է»,- գրում է Աթանեսյանը:

  • Կիսվել: