Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի այս կամ այն հարցի լուծումը․ ԱՀ նախագահի անդրադարձը պետական կառավարմանը
Պետական կառավարման վերաբերյալ Արցախի նախագահն իր ուղերձում մասնավորապես նշել է․
"Այժմ պետական կառավարման համակարգն, ընդհանուր առմամբ, ճգնաժամի մեջ է, որը բացասականորեն է անդրադառնում պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների արդյունավետության վրա: Ուստի, նախատեսում եմ մի քանի օրվա մեջ կատարել բոլոր հիմնական կառուցվածքային ու կադրային փոփոխությունները և արագացնել ու բազմապատկել հրատապ հիմնախնդիրների լուծման ջանքերը: Ժողովրդի հրատապ կարիքների գոնե նվազագույն բավարարումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք կառավարման բարեփոխումների, որոնց մի մասը նախատեսել էինք նախապատերազմյան ժամանակահատվածում, իսկ մնացածի կարիքը դրսևորվել է պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում: Այդ երկարատև բարեփոխումների արդյունքում կբարելավվեն հանրային ծառայողների մասնագիտական կարողությունները, կբարձրանա վարչարարության, քաղաքացիների սպասարկման, հանրային միջոցների ծախսման, պետական ծրագրերի իրականացման և մի շարք այլ գործընթացների ու ինստիտուտների արդյունավետությունը:
Պետական կառավարման բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում եմ կատարել չափազանց պատասխանատու ու սրտացավ աշխատանք հետպատերազմյան ծանր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե գիտի, որ իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի, վիրավորի, անօթևանի կամ մեկ այլ խոցելի անձի այս կամ այն հարցի լուծումը: Մեզնից ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ, երբ շատ անձինք զրկված են կյանքի նվազագույն պայմաններից, երբ զոհվածների ու անհետ կորածների զավակները կարիք ունեն պարզ ուշադրության: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գիտակցի, որ այժմ Արցախի բոլոր բնակիչները այսպես թե այնպես խոցելի են, և բոլորս պարտավոր ենք ծառայել նրանց, պարտավոր ենք ինքներս սրտացավության ու ծառայության օրինակ լինել մնացածի համար: Ես ակնկալում եմ, որ մեր հասարակությունում երկար ժամանակ կտիրի փոխօգնության ու համերաշխության աննախադեպ մթնոլորտ, ինչի շնորհիվ մեզ կհաջողվի արագորեն հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը:
Ի դեպ, նշվածի համատեքստում կուզեի անդրադառնալ նաև առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին:
Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, և՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և՛ հանրային ծառայության ցածր օղակի, և՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը: Ավելին, առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է հետագայում նույնպես որևէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու, քանի որ ժողովրդի համար ամենավճռական պահին իրենց պարտականությունների կատարումից խուսափած անձինք պարզապես չեն կարող բարեխղճորեն ծառայել նույն ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ցածր օղակի աշխատակիցներին, ապա հաշվի առնելով դեպքերի բազմազանությունը, ծագած որոշ իրավական հիմնախնդիրներն ու առկա ծավալները՝ այդ հարցը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որպեսզի արդար որոշումներ կայացվեն: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ խրախուսանքի միջոցներ կիրառելիս գործատուները պետք է անպայման հաշվի առնեն տվյալ աշխատակցի վարքը պատերազմի ընթացքում՝ բացառելով անարդար որոշումները բարեխիղճ աշխատակիցների նկատմամբ: