ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մեզնից կախվածը պետք է բարեխղճորեն կատարենք, որպեսզի արժանի լինենք և երկրաշարժի, և պատերազմների զոհերի հիշատակին. Պետնախարար

Մեզնից կախվածը պետք է բարեխղճորեն կատարենք, որպեսզի արժանի լինենք և երկրաշարժի, և պատերազմների զոհերի հիշատակին. Պետնախարար

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Ստեփանակերտի հուշահամալիրում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ասել է, որ օրն առիթ է կրկին խորհելու և քննարկելու մեր մնացած բոլոր մարտահրավերները, արհավիրքներն ու վերջին պատերազմը:

«Այս օրը ևս մեկ առիթ է հասկանալու, թե ինչ արժեն մեր ջանքերը, երկրաշարժի ու պատերազմների զոհերը, և ինչպես մենք կարող ենք մեր մեջքն ուղղել այս արհավիրքներից հետո, դեպի ապագան նայել, ու այդ ուղղությամբ մեզնից կախվածը բարեխղճորեն կատարել, որպեսզի արժանի լինենք և երկրաշարժի, և պատերազմների զոհերի հիշատակին»,- նշել է պետնախարարը: Ա. Բեգլարյանի խոսքով՝ երկրաշարժի օրերին Արցախը և ամբողջ հայությունը, միանշանակ, էպիկենտրոնում էին: «Այդ օրերին բավականին մեծ նյութական աջակցություն է տրվել Սպիտակի բնակիչներին: Այդ ժամանակ Արցախը ալեկոծվում էր Արցախյան շարժմամբ, ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կողմից ճնշման մեխանիզմների տակ, և չեմ կարծում, թե Արցախը ի վիճակի է եղել այդ պահին իր ունեցած ամբողջ պոտենցիալով աջակցություն ցուցաբերել, սակայն Արցախն ու ամբողջ հայությունը ապրում էին երկրաշարժով ու Արցախյան շարժմամբ»,- ընդգծել է նա:

  • Կիսվել: