ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեզ թիրախավորելու դեպքում համարժեք պատասխան ենք տալու բոլորին. Դավիթ Բաբայան

Մեզ թիրախավորելու դեպքում համարժեք պատասխան ենք տալու բոլորին. Դավիթ Բաբայան

Կորոնավիրուսը Արցախում ընտրությունների քարոզարշավի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցավ, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը՝ ներկայացնելով նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքը:

Նրա խոսքով, այժմ թեկնածուները սակավ, բայց բացօթյա հանդիպումներ են անցկացնում ընտրողների հետ՝ պահպանելով առողջապահական նախարարության ցուցումները:

«Ընդհանուր առմամբ քարոզարշավը նորմալ է անցնում և այս պահի դրությամբ վտանգավոր զարգացումներ չենք տեսնում», - ասաց Բաբայանը:

Ինչ վերաբերում է Արցախի ընտրություններում կիրառվող սև տեխնոլոգիաներին, հակաքարոզչությանը, Բաբայանն ասաց, որ դրանց թիրախում իրենք չեն հայտնվել ու հավելեց.

«Ի՞նչ ենք արել, որ հայտնվենք: Բայց դա չի նշանակում, որ թույլ ենք: Ոչ: Մեր աչքները շատ սուր է, թրերը սուր են, լեզուներն էլ տեղին: Մենք որևէ մեկին չենք թիրախավորում, բայց մեզ թիրախավորելու դեպքում համարժեք պատասխան ենք տալու բոլորին»:

Թեկնածուն նկատեց, որ այս գործընթացում միմյանց հետ թշնամանալ պետք չէ.

«Մենք մրցակիցներ ենք, բայց մենք թշնամի չպետք է դառնանք, որովհետև վաղը մենք կարող է կանգնել մի խրամատում կողք կողքի: Եթե թշնամանանք, մեկը մյուսին հայհոյի, ինքն է՞ լինելու ավելի մեծ թշնամի, թե հակառակորդը: Այս պարագայում տուժելու է հայրենիքը, պետությունը»:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ, ընտրությունների քարոզարշավում իրենք տեսնում են ոչ թե գաղափարախոսության, այլ «գաղափորախոսության» պայքար:

«Հասարակության մեջ նման տենդենցներ ենք տեսնում, ինչը մտահոգում է մեզ: Ցանկացած իշխանություն հանրության հայելին է: Չպետք է այստեղ քավության նոխազներ գտնել ու մեկը մյուսի վրա գցել», - նշեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ ընտրություններն Արցախում տեղի են ունենալու մարտի 31-ին, մասնակցության հայտ է ներկայացրել 14 թեկնածու: Ընտրապայքարից ինքնակամ հեռանալու ժամկետն ավարտվել է, սակայն որևէ մեկը ինքնաբացարիկ չի հայտնել:

  • Կիսվել: