շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեզ համար առաջնայինը Արցախի ստատուսն է և անվտանգությունը. Մնացականյան

Մեզ համար առաջնայինը Արցախի ստատուսն է և անվտանգությունը. Մնացականյան

Արցախում ընտրությունները հետապնդում են երեք կարևորագույն հարց՝ մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղ գործընթացի կոնտեքստում: Այս մասին Առաջին լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ եթե այս ամենի մեջ տեղավորենք բոլոր մոտեցումները, կհասկանանք, որ այս ընտրություններն անհրաժեշտ են:

՛՛Սա կարևորագույն գործառույթ է Լեռնային Ղարաբաղում, որը ժողովրդավարական ձևաչափերի մեջ իրականացնում է իր կյանքի կազմակերպումը, իր կառավարման կազմակերպումը՝ որպես քաղաքական միավոր, որն ունակ է, կարող է այդ ամենն անել: Այդ առումով մենք գիտենք արձագանքները, որոնք շարունակական են՛՛,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ի համար նույնպես խաղաղ գործընթացի բնականոն շարունակումը մնում է չափազանց էական: Նա նշեց. ՛՛Բացի դրանից Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի սուբյեկտայնությունը և դերակատարությունը խաղաղ գործընթացում առավել քան ընդգծված են մեր դիրքորոշումների մեջ: Շատ լավ հասկանում եք, որ առանց Արցախի Արցախի ապագան չի լուծվելու: Եվ դրա համար Արցախի իշխանությունները պետք է ունենան համապատասխան մանդատ, որն արտահայտվում է ընտրություններով, և սա բնականոն գործընթաց է Արցախում: Պետք է լինեն իշխանություններ՝ իրենց մանդատով, որպեսզի լավագույնս արտահայտեն խաղաղ գործընթացի արդյունքները՛՛:  

Մնացականյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ Եվրամիության կողմից այնպիսի հայտարարությունների, որ, ամեն դեպքում, չեն ճանաչում Արցախի սուբյեկտայնությունը։ 

Նախարարի կարծիքով՝ որևէ նոր բան չի հնչել: ՛՛Բանակցային գործընթացը վերաբերում է բանակցությունների, խաղաղ գործընթացի միջոցով վերջնականացնել տարբեր հարցեր, որոնց շրջանակներում մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի` Արցախի ստատուսն է և անվտանգությունը։ Մենք արդեն բազմիցս խոսել ենք սրա մասին՛՛,-նշեց նա:։  

  • Կիսվել: